Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպումներում բարձրաձայնեց սահմանային վերջին միջադեպերի առնչությամբ մեր երկրի դիրքորոշման մասին՝ ընդգծելով խաղաղության ու պատերազմի շուրջ մեր տեսլականն ու այդ ամենի համատեքստում Ադրբեջանի հանցավոր մարտավարությունը:
Հանրապետության ղեկավարի ձևակերպումներն իրենց հռետորական ու գործնական չափումների մեջ թողնենք ժամանակի ու աշխարհաքաղաքական զարգացումների մակարդակում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին ու երկրորդ նախագահների լռությունը, որ ուղերձային չես կոչի: Լռություն էլ կա, լռություն էլ:
Նրանք, որ խաղաղության ու պատերազմի մասնակիցներն ու թերևս հիմնական «ճարտապետներն» են, այսօր նախընտրել են կրավորական կեցվածք: Հասկանում եմ, նուրբ թեմա է: Թերևս միակ թեման, խնդիրը, որտեղ մոտեցումներն ու շահերն ընդհանուր են…
Բայց խոսքը սովորական մարդկանց ու փորձագետների մասին չէ, որոնց ասուլիսները դեժավյուի ու կանխատեսելի դիտարկումների մակարդակում են: Խոսքը երկրի երբեմնի առաջնորդների մասին է, որոնք քաղաքական, սոցիալ-տնտեսական այս կամ այն իրավիճակում շտապում են բառերի հրավառություն տեղալ ամբիոններից ու գրասենյակներից:
Հասկանում եմ, որ գետնատարած խոստումների ու խոսքերի մեր ժամանակներում հավատ չեն ընծայում ոչ մեկի, նույնիսկ՝ ամենից ճարտասան նախագահի ու մինչև իսկ գրողի տեքստերին, բայց ՄԵՐ ՎԱՏԱՌՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ բուժվելու այլ ճանապարհ չունի, քան իրար գլուխ գալն ու մեկտեղվելը, քան երկխոսելը, ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՅԻ շուրջ զրուցելը՝ նախագահից մինչև պառավաքարցի... Բոլորի կարծիքը կարևոր է... Լռությունն էլ կարծիք է: Լռությունը համաձայնության նշան է:
Բայց մեծ հարց է, թե ով ինչու և ինչի մասին է լռում... Այլապես, նախագահական թոշակն ու ետպաշտոնավարական մյուս արտոնություններն ակամայից գալիս են առաջին պլան և ընկնում շարքային քաղաքացու խոշորացույցի ու քննադատության տակ: Եղբայր, քո իրավունքն է լռել, բայց խոսքը քո նոր կոստյումի ու մեքենայի մասին չէ, այլ քո երկրի, որի կերտման ակունքներում եղել ես դու, որի ճակատագիրը ժամանակին եղել է քո մարդկային ու աշխատանքային, կարճ ասած՝ քո նախագահական հանձնառությունների շրջանակում:
Շա՜տ ներողություն, բայց դու եղել ես ոչ թե կոլխոզի, այլ հանրապետության նախագահ, ասել է թե՝ առաջնորդել ես ժողովրդիդ: Ճշմարիտ առաջնորդի տեսակը չի կարող կարճաժամկետ լինել, այն մասնագիտություն չէ, որ սպասարկի մի քանի հոգու, առավել ևս՝ քո շահերը՝ քեզ գցելով պալատական թմբիրի ու երանավետ հպարտության մեջ:
Նախագահների, թեկուզ՝ նախկին, լռությունն արդարացված կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ նրանց գործն ավելի զորավոր ու խոսուն լինի: Բայց ժամանակի ընթացքում, ցավոք, մենք ավելի շատ համոզվել ենք նրանց պարապության կամ պարապասացության մեջ, քան գործուն ու արդյունավետ ընթացքի:
Միջազգային պրակտիկայում շատ են դեպքերը, երբ պետության երբեմնի ղեկավարները նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղվում են գիտական աշխատանքով, գաղափարների ու նախաձեռնությունների գեներացմամբ, գիտակրթական կամ կառավարման համակարգերի մշակմամբ ու ներդրմամբ, այդ կերպ արդարացնելով իրենց նախընթաց առաջնորդությունը, իսկ առավել հավակնոտների պարագային՝ ընդգծելով իրենց քաղաքական ու քաղաքացիական կենսունակությունը:
Մեր դեպքում, նորանկախ Հայաստանի առաջին նախագահի բառուբանն ու գործելաոճն ամբոխահաճո տեքստեր արտասանելուց այն կողմ չանցան, որոնց պատիվ կբերեին միայն հմուտ ասմունքողին կամ, օրինակ, գրագետ գուսանին: Իսկ, ահա, երկրորդ նախագահի ետպաշտոնեավարական գործունեությունն ընկալվեց գրասենյակային հաղորդագրությունների և մերձպալատական առանձին միջոցառումների արարողակարգային մասնակցության դրսևորումներով:
Ճի՜շտ հասկացեք, ես խոսում եմ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի, այլ այդ անուն-ազգանունով մեր երբեմնի նախագահների մասին: Ես խոսում եմ ոչ թե անձերի, այլ բարձրագույն կառավարիչների մասին, որոնց վստահվել է այս երկրի անցյալ-ներկա-ապառնի ճակատագիրը: Մենք կարող ենք հարգել նրանց կամ հակառակը, բայց մենք չենք կարող հասկանալ նրանց լռությունը վերջին զարգացումների և երկրի օրհասական կացության ժամանակ:
Մարդկության ու պատմության սցենարները տարբեր են, առանձին ժողովուրդների և գործիչների ճակատագրերը չեն կարող պրոյեկտվել մեկ այլ ազգերի ու մարդկանց վրա, բայց հաճախ հաղթանակներն ու ողբերգությունները կարող են կրկնվել: Ի դեպ, խոսքը նույնպես կարող է կրկնվել, բայց ոչ լռությունը, որովհետև երկու անգամ լռելը, երբ պետք է խոսել, հանցավոր դիտավորություն է կամ առնվազն անտարբերություն: Այնինչ լռելու իրավունքը պետք է վաստակել այնպես, ինչպես վաստակում են խոսելու իրավունքը: Դրանք փոխադարձ բարոյականության ու տրամաբանության մեջ են:
Երբ Լիբիայի ժողովուրդն իր երբեմնի կուռքին՝ նախագահ Մուամմար Քադաֆիին, մոլեռանդորեն ոտնատակ էր անում, հասցնելով մահվան, այդ նույն մարդկանցից և ոչ մեկը խղճի խայթ չէր զգում առաջնորդին սպանելուց, որովհետև վերջինս իր նախագահության ու փառասիրության գագաթնակետին, շատ կարևոր մի պահի, անտեսել էր իր հայրենակիցների ձայնն ու լռել էր: Նրան թվացել էր, թե իր խոսքն ի զորու է լռեցնել բոլորին, մինչդեռ հենց իր լռությունն էր խոսեցրել արդարամիտ՝ թո՛ղ որ աններում ու դաժան ամբոխին:



