Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սերժ Սարգսյանը չի ասել և չէր էլ համարձակվի ասել, թե ԼՂՀ-ն կամ Արցախը ՀՀ վարչական տարածքի մաս է:
Այդ մասին տեղեկություն տարածողները կամ իրենց ցանկությունն են իրականության տեղ մատուցում, կամ ինչ-որ դիտավորությամբ են Սերժ Սարգսյանին գովում չարած բանի համար:

Սերժ Սարգսյանն ընդամենը ասել է. 
" Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից է":

Իրավական տեսակետից ոչինչ չնշշանակող այս արտահայտությունը հնչել է, ոչ թե ՄԱԿ-ի ամբիոնից կամ այլ միջազգային հարթակում, այլ ներքին լսարանի` Ցեղասպանության 100-ամյակին վերաբերող ինչ-որ միջոցառման ժամանակ:

Այն, որ Արցախը պատմականորեն Հայաստանի մաս է, դա ակնհայտ է: Այդ մասին ասել են Հայաստանի բոլոր իշխանավորները, անմիջապես ավելացնելով, որ ԼՂՀ-ն երկրորդ հայկական պետությունն է, որ այն անկախացել է միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան:

Աստանայում, ԵԱՀԿ ժողովին, նույն Սերժ Սարգսյանը սպառնացել էր, որ Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը, եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները: 
Վստահեցնում եմ, որ նա ոչ մի հակասություն չի տեսնում իր այս երկու արտահայտությունների միջև: Արցախը Հայաստան երկրի մաս լինելով հանդերձ, նրա համոզմամբ, կարող է ունենալ իր առանձին` Հայաստանից անկախ պետականությունը:
Համոզվելու համար, ցանկացած լրագրող Սերժ Սարգսյանին կարող է ճշտող հարց ուղղել, թե արդյո՞ք նա փոխել է իր նախկին տեսակետը և հիմա նկատի ունի, որ ԼՂՀ-ն, որպես ինքնավար հանրապետություն կամ որպես մարզ, պետք է ներառվի ՀՀ վարչատարածքային բաժանման մեջ, արդյո՞ք այնտեղ ընտրատեղամասեր կբացվեն, որպեսզի արցախաբնակ ՀՀ քաղաքացիները նույնպես մասնակցեն սպասվող սահմանադրական հանրաքվեին կամ դրան հաջորդող ՀՀ համապետական ընտրություններին:
Վստահեցնում եմ. կստանաք մերժողական պատասխան:

Իսկ որ ոչ միայն Արցախը, այլև Նախիջևանը, Ջավախքը, Կարինն ու Վանը Հայաստանի մասերն են, դա գիտի յուրաքանչյուր աշակերտ:

Նույն աշակերտներին շարունակում են սովորեցնել, թե ինչպես է Արցախը 1991թ սեպտեմբերի 2-ին անկախացել փաստորեն Հայաստանից, որի հետ միավորվել էր դեռ 1989թ դեկտեմբերի 1-ին, խորհրդային իշխանության օրոք, ու որի հետ միասին էլ անկախացել էր ԽՍՀՄ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել