Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը` Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին: Այստեղ պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (գործ Ա. Ուրարտուի, 1953թ.) և կառուցված է մատուռ (1994թ.), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը:

Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ: Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր:

 Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ: Նորացված է նաև ցուցադրությունը: Չնայած տուն-թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում, սակայն հանճարեղ բանաստեղծի, արձակագրի, մանկագրի ու ազգային խոշոր գործչի անսպառ ձգողական ուժը այստեղ է բերում հազարավոր այցելուների`հաղորդակցվելու նրա նվիրական մասունքներին:

Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով այստեղ կազմակերպվում են խոշոր հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր…

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել