Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 27-ին Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները։
Մասնավորապես, 2024թ․ ապրիլի 27-ին՝ ժամը 14:36-ին, հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ Կիրանց բնակավայրից դեպի Ոսկեպար ընկած հատվածում ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծել ավտոմեքենայի անվադողը:
Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դրա շրջանակներում զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։
Քննչական գործողություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։
Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը հայտնաբերել նշված անձանց և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
Նախաքննությունը շարունակվում է։
---------
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmInvestigative/posts/pfbid0X14gwcvbGd8QYrqLb4BxwZoVgaKcM5Wg9ePuvbgqdVCNYiPzHemkm5yDCYQ6WVJzl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել