Զանգվածային լրատվության միջոցներում իր մտքի «արգասիքը» սփռող Դանիել Իոաննիսյանն իրեն հետաքննող լրագրողի գործառույթ է վերապահել՝ առանց հասկանալու, որ հետաքննելն ուսումնասիրել է նշանակում՝ մշակել-վերլուծել-հասկանալ-գնահատել նյութը, և այս բոլոր գործողությունները փոխարինում է մեկով՝ մատից ծծում է իր ուզած մտարկումն ու որպես վերջին ատյանի ճշմարտություն հրամցնում ընթերցողին:
Իոաննիսյանի հերթական «արգասիքը»՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մասին հոդվածը, տարակուսանք է հարուցում փաստական սխալներով ու վրիպումներով և հիմք տալիս ենթադրելու, որ «Հայկական ժամանակի» խմբագրությունում պարզապես ուշադիր չեն եղել նյութը հրապարակման պատրաստելիս: 
Ինչևէ:
Հոդվածի հեղինակը նախ հայտնում է, թե իրենից թաքցնում ու չեն հայտնում ՀԿԼ վարչության թվակազմը: Իրականում՝ թաքցնելու որևէ խնդիր չկա. ոստիկանության ծառայողների թվակազմն իսկապես ծառայողական գաղտնիք է, և դա սահմանված է նորմատիվ իրավական ակտերով: Թույլատրելիի սահմաններում կարող ենք տեղեկացնել, որ հոդվածագրի նշած թիվը չի համապատասխանում իրականությանը, նաև՝ 15 տարում վարչության թվակազմը չի աճել, ավելին՝ վերջին երեք տարում կրճատվել է: 
Եվս մի դիտարկում՝ վարչության աշխատանքը միայն «02» հաղորդաշարը և կայքէջը պատրաստելով չի սահմանափակվում, ինչպես նշված է հոդվածում: ՀԿԼ վարչության գործառույթների շրջանակում են նաև ամենօրյա «Հերթապահ մաս»-ի թողարկումները, կիրակնօրյա «Հերթապահ մասը», ռադիո «02»-ը, Սկայպի ամենշաբաթյա կապն արտասահմանում ապրող մեր հայրենակիցների հետ, տարբեր ԶԼՄ-ների, կառույցների, կազմակերպությունների, քաղաքացիների հազարավոր հարցերին պատասխանելը և այլն: 
Հաջորդ դիտարկումը: 
Հոդվածագիրը նշում է, թե ոստիկանության կադրերի վարչությունը՝ 4, իսկ բժշկական վարչությունը 2 աշխատող ունի: Հասուն մարդը չի կարող չիմանալ, որ «վարչություն-բաժին-բաժանմունք» ստորաբաժանումն արդեն իսկ որոշակի թվակազմ է նշանակում, և մտքի ծայրով անցկացնել, թե բազմահազարանոց ոստիկանության կադրերի վարչությունում կարող է չորս մարդ աշխատել և ընդամենը երկուսը՝ բուժվարչությունում, որն ընդգրկում է հոսպիտալը, պոլիկլինիկան, բուժկետերը և այլ ծառայություններ…
Սա, համոզված ենք, վրիպել է խմբագրության ուշադրությունից: 
Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե ՀԿԼ վարչությունը կանխարգելիչ ու բացատրական աշխատանք չի կատարում: Հակառակում համոզվելու համար պարզապես պետք է անաչառ դիտել մեր հեռուստահաղորդումները, ծանոթանալ կայքի ու շաբաթաթերթի նյութերին: Դատելով հրապարակումից՝ համոզված ենք, որ Իոաննիսյանը զլացել է գոնե մեկ անգամ աչք գցել իր քննադատածին:
Անհիմն է նաև հոդվածագրի այն պնդումը, թե «իրավաբանական վարչությունը մասամբ իր վրա է վերցրել ՀԿԼ վարչության ֆունկցիան»: ՀԿԼՎ-ում ստացված հարցումներն ուղարկվում են ոչ միայն իրավաբանական վարչություն, այլև ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին՝ ըստ գործառութային ոլորտի, որովհետև հարցումներից խուսագրությամբ գլուխ ազատելու իրավունք չենք վերապահում մեզ՝ դա ընթերցողի հանդեպ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք համարելով:
Համոզված ենք, որ մասնագիտական նույն դավանանքն ու սկզբունքն ունեն նաև «Հայկական ժամանակի» մեր գործընկերները, և հուսով ենք, որ վերը թվարկված վրիպումներն ընդամենը թյուրիմացություն են:

Հ.Գ. Մեր արձագանքի նպատակն իրականում Իոաննիսյանի հորինվածքները հերքելը չէ: Ընդամենը կնայեինք նրա «թվաբանությունը», կծիծաղեինք, կանցնեինք: Խնդիրն ընթերցողն է, որին խաբում են անփաստարկ հայտարարություններով՝ իրազեկված լինելու նրա իրավունքը փոխարինելով ապատեղեկացված լինելու իրականությամբ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել