Անընդհատական քննարկման թեմա է տեղեկատվական պատերազմը, որի մեջ են Հայաստանը և Ադրբերջանը բոլոր բնագավառներում: Սակայն տեղեկատվական պատերազմի քննարկման հիմնական թեման լինում է այն ֆինանսական տարբերությունը, որ կողմերից յուրաքանչյուրը հատկացնում է քարոզչական մեքենան գործադրելու համար: Դրանից զատ՝ կա նաև այլ հարց, որը վերաբերում է երիտասարդությանը և նրանց պատկերացումներին այս ամենի մասին: Իսկ երիտասարդությունը, որը գոնե մեր երկրի դեպքում իշխանության ուշադրության կենտրոնի անգամ շրջակայքում էլ չէ, բավական կարևոր դեր ունի, քանզի վաղը հենց այսօրվա երիտասարդներն են ղեկավարելու մեր երկիրը:

Խնդիրը նրանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդության այն ակտիվ զանգվածը, որը մասնակցում է բազմաթիվ ծրագրերի երկրի ներսում կամ արտերկրում, գտնվում է անհավասար պայմաններում: Եվ այստեղ ավելի շատ խոսքը վերաբերում է այն ծրագրերին, որոնք ֆինանսավորվում են Եվրոպայի տարբեր կառույցների կողմից և քարոզում են այնպիսի «վեհ» գաղափարներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, միասնականությունը, ազատ երկխոսությունը և առհասարակ «իրավունքի» վրա հիմնված արժեքները: Նմանատիպ ծրագրեր շատ ենք հանդիպում Վրաստանում, որտեղի երիտասարդները բավական հաջող կերպով օգտվում են տարածաշրջանում իրենց «նեյտրալ» դիրքից և իրար հետևից կազմակերպում են հայ-ադրբեջանական համատեղ միջոցառումներ: Առաջին հայացքից թվում է, թե ինչ խնդիր կա և հակառակը՝ շատ լավ է, որ նման միջոցառումներ են կազմակերպվում, և երիտասարդները հնարավորություն են ունենում շփվել միմյանց հետ, սակայն վտանգը դրանից հետո է:

Հայ երիտասարդը գնում և մասնակցում է այդ ծրագրերին, շփվում մի քանի ադրբեջանցու հետ, որոնց 99 տոկոսը մինչև այդ անցած են լինում հատոկ պատրաստություն, և վերադառնում է հայրենիք: Շփվելով նրանց հետ, որոնք իրենց պատրաստվածության արդյունքում կարող են անգամ իդեալական թվալ՝ հայը վերադառնում է Հայաստան ու ասում, որ իրանք վատը չեն, լավն են և «պետք է կոտրել կարծրատիպերը» կամ «էդ իշխանությունների սարքածն ա, որ հիմա չենք կարում իրանց հետ նորմալ հարաբերություններ ունենալ»: Արդյունքում ադրբեջանական կողմը հասնում է արդյունքի, քանի որ նախ՝ հայի մոտ նրանք դառնում են լավը, իսկ հետո՝ այդ հայը գալիս ու նույնը ասում է իր շրջապատի մարդկանց և դա այն դեպքում, որ

  • այդ ադրբեջանցիները հատուկ պատրաստություն են անցած լինում
  • այդ ադրբեջանցիները բավական փոքր թիվ են կազմում, իսկ հայը այդ մի քանիսով սկսում է դատել բոլորին:

Արդյունքում լուրջ հարված է հասցվում մեր ազգային անվտանգությանը: Էլ չեմ ցանկանում նշել աղջիկների դեպքում տարածված մեկ այլ ցնդաբանությունը, որն ավելի հաճախ հանդիպում է մեր մյուս հարևան թուրքերի հետ, որոնք նմանատիպ ծրագրերի ժամանակ դառնում են «պուպուշ, լավը, բարի ու հոգատար», իսկ հետո էլ բացառված չի լինում մնացած ամեն ինչը օրվա այն հատվածում, երբ արևը անցնում է հակառակ կիսագունդ: Դե իսկ ամուսնությունների մասին խոսելն ավելորդ է:

Վերադառնանք թեմային և հասկանանք տարբերությունը ադրբեջանցիների հետ:  Բանն այն է, որ ի տարբերություն հայերի՝ ադրբեջանցիները առավոտից երեկո ապրում են այն քարոզչության ներքո, ըստորի՝ հայը խիստ բացասական մի կերպար է, որին պետք է սպանել, իսկ իրենք մի ժողովուրդ են, որ հեսա-հեսա վերականգնելու են իրենց դիրքը: Հետո նրանք այդ գաղափարներով լի գալիս են որևէ համատեղ միջոցառման, որից առաջ անցնում են պատրաստություն, թե ինչպես գրավել հայերի սիրտը: Ճիշտ է, իրենք էլ են լսում վերոնշյալ Եվրոպական արժեքների մասին ծրագրի շրջանակներում, սակայն ազդեցությունը այդքան մեծ չի լինում, քանզի թե՛ մինչև ծրագիրը և թե՛ դրանից հետո նրանք վերադառնում են այն իրականություն, որտեղ գերխնդիր է հային վատություն անել, որը «եկել և տիրել է իրենց հողին»:

Կցանկանայի միայն ավելացնել, որ ասվածը չի նշանակում, որ ադրբեջանցի նորմալ մարդ չկա: Իհարկե կան և շատ, սակայն անհատներին չպետք է շփոթել ընդհանուրի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել