Վերջին շրջանում համահայկական լայն օրակարգի, թերևս, ամենից քննարկվող թեման սահմանադրական փոփոխությունների հարցն է: Մայր օրենքի նոր նախագծի բազմամակարդակ քննարկումները ողողել են քաղաքական և հասարակական գրեթե բոլոր հարթակները՝ արտահայտելով առողջ քննադատության, փաստարկների, բանավոր փոխհրաձգությունների, խմբավորումների և տարակարծությունների բոլոր հնարավոր ու անհնար դրսևորումները:
Համապետական, ես կասեի՝ համազգային նշանակության փաստաթուղթը, սակայն, պատկերավոր ասած հանրապետական՝ այն էլ՝ կուսակցական իմաստով ընկալման տրամաչափում է դեռևս, քանզի, ուզենք-չուզենք, գործող իշխանության առաջարկած ցանկացած փոփոխություն կամ պալատական մակդիրով ասած՝ բարեփոխում, որքան էլ վեհ է իր նպատակի ու նշանակության մեջ, ասոցացվում է հենց այն քաղաքական ուժի հետ, որ վերջին տարիներին ստանձնել է Հայաստանի երրորդ հանրապետության կառավարման պատասխանատվությունը: Իսկ կառավարման որակի և արդյունքի հարցում, հազա՜ր ներողություն, մեր մոլեռանդ լավատեսությունն էլ չի փրկի, որովհետև նույնիսկ պետական քարոզչության մակարդակով և պաշտոնական վիճակագրությամբ չկա գեթ մի ոլորտ, որտեղ խնդիրների հրավառություն չլինի:



