Նավթի գների հերթական անկումն արժեզրկում է ռուբլին: 2015թ-ին օգոստոսը ՌԴ-ի պատմության մեջ կմնա որպես «սև ամիս», Brent նավթի տեսակն արդեն իջել է մինչև 46.20 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ ռուբլին այսօր հերթական ռեկորդը գրանցեց փետրվարի քաոսից հետո` 1 դոլարը բորսայում արժե 68.2 ռուբլի, իսկ շուկայում՝ 70 և ավելի: Իսկ ո՞նց և որտե՞ղ է ավարտվելու այս անկումը, դեռ չի երևում, բայց ընդհանուր առմամբ բոլոր վերլուծությունները բացասական են: Իհարկե, շատերը մտածում են, որ երբ ավարտվի նավթի գնի անկումը, ապա ՌԴ-ում ռուբլին կկայունանա, բայց պետք է հասկանանք, որ ռուբլու վրա նաև ազդում են մակրոտնտեսական գործոնները` տնտեսության վիճակը, գեոպոլիտիկան և այլն: Իսկ այդ վիճակից դուրս գալը երկար ժամանակ է պահանջում. տասնյակ տարիների ընթացքում ՌԴ-ն, ունենալով բավականին մեծ ֆինանսական միջոցներ, չկարողացավ հումքային տնտեսությունից դառնալ բարձր տեխնոլոգիաների արտադրության երկիր: Չկարողացավ դառնալ նոր տեխնոլոգիաներով հագեցած արդյունաբերական արտադրանք տվող երկիր, իսկ այդ անցումը վատ վիճակից դեպի լավ կարճ ժամանակում չի լինի, իսկ դա նշանակում է, որ մյուս տարի նույնպես ՌԴ-ում չի լինի տնտեսական աճ, ինչը կանխատեսում էին ՌԴ-ի իշխանությունները: Իհարկե, այս իրավիճակը մեծ ազդեցություն է թողնելու ՌԴ-ի շուկայից կախում ունեցող տնտեսությունների վրա, ինչը նկատվում է վերջին օրերին տարբեր շուկաներում` Ղազախստանի արժույթի մոտ 30 տոկոս արժեզրկում, Բելոռուսի արժույթի արժեզրկում, ՀՀ-ն արժեզրկել էր իր արժույթը, և պետք է սպասել նաև նոր արժեզրկման, Արևմուտքի երկրների արդյունաբերական արտադրանքի կրճատում և այլն: Իհարկե, այս ամենը կազդի համաշխարհային տնտեսության վրա, բայց այն երկրները, որոնց կախումն ավելի շատ է ռուսական շուկայից, էլ ավելի կտուժվեն: Այս իրավիճակից հետո կսկսի աշխատատեղերի կրճատում, գործազրկության մակարդակը կբարձրանա, ապրանքների գները կթանկանան, ժողովուրդը կսկսի խնայել գումարը, քանի որ չի տեսնում այս անկման վերջը, և մենք ականատես կլինենք 2008-ի ճգնաժամին գերազանցող մի նոր և անկանխատեսելի ճգնաժամի: Իհարկե, բոլոր ժամանակներում էլ ճգնաժամերը եղել և անցել են, ու երկիրը նոր զարգացման փուլ է մտել, բայց մոտակա 2 տարին մենք տարբեր և նոր դժվարություններ ենք տեսնելու: Այսինքն, երբ ՌԴ-ի իշխանությունները կանխատեսում էին, որ 2016թ-ից տնտեսությունն արդեն կակտիվանա, և տնտեսական աճ կգրանցվի, ապա այժմյան տվյալներով այդ զարգացումները պետք է հետաձգել մինչև 2017-2018թթ.:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=970456829641444&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել