Առաջիկա նախագահական ընտրությունները, որքան էլ փորձ է արվում այն ռուսական մատրյոշկայի օրինակով փաթեթավորել ու տեղավորել առավելապես միջկուսակցական մանրումեծ տարաներում, պետք է դիտարկել որպես Հայաստանին հերթական ու, թերևս, բախտորոշ անգամ տրված եզակի հնարավորություն` եվրանորոգումից իսկական եվրաինտեգրման անցնելու համար:
Իրականում ցանկացած նորոգում ձև է, առավել ևս եթե դրան մոտենում են այսպես կոչված ռեմոնտչիկի հոգեբանությամբ: Որովհետև պատի հին բիծն ու թերությունը չի անցնելու դրանք քողարկելու միջոցով: Եվրանորոգմամբ զբաղված են բառացիորեն բոլորը՝ օրենսդիրը, գործադիրը, մասնավոր հատվածը: Մեր կյանքում, գոնե արտաքուստ, շրջապատված ենք Եվրոպայի մասին հիշեցնող ապակեպատ, օտարագիր խանութներով, սակայն խորքային առումով ամեն ինչ այլ է: Եվրոպացու պատրանքն իրականում անարժեք է, որովհետև նույն Եվրոպան մենք ընկալեցինք մակերեսային, այն է` բառարանային-բառախաղային մակարդակում: Հին աշխարհամասն էլ, կարծես, մեզ նոր հայացք չի ձգում, որովհետև Եվրոպայի ու մեր գործակցությունը նմանվում է Հյուսիսային պողոտայի ու սարիթաղցի բնակչի միջև կոնտակտի, որտեղ չկա ընդհանուր շահերի փիլիսոփայություն և առկա են խտրականության դրսևորումներ:



