Ցանկացած երկրում սահմանադրական բարեփոխումների իրականացման հիմնական պատճառները հետևյալն են. երկարատև պետական կառավարման համակարգի ճգնաժամեր, սոցիալ-տնտեսական, ժողովրդավարական, դատական, վերահսկողական առավել կենսունակ մոդելների ձևավորում: Այսինքն, Սահմանադրության փոփոխությունն իրականացվում է երկրի առաջընթաց զարգացման և ժողովրդի կենսապայմանների բարելավման համար: Այո, սա դիլեմա է, որով առաջնորդվում են բոլոր առաջադեմ երկրներում, միայն թե, ոչ Հայաստանում:
Առաջարկված սահմանադրական բարեփոխումների հիմնական և առաջնային նպատակը ավտորիտար կառավարման համակարգի առավել խորացումն ու հզորացումն է, այդ է վկայում թեկուզ հենց հոդված 89-ը:
Լսում եմ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների բացատրություններն այս հարցի վերաբերյալ և զարմանում, ՙՙՁեզ իրո՞ք թվում է, թե ժողովուրդը ոչինչ չի հասկանում՚: Վերջիններս որպես փաստարկ միաբերան արտաբերում են Իտալիայի փորձը /50-տարվա մեջ գրեթե 60 կառավարություն/՝ նշելով, թե դա անհրաժեշտ է նման ճգնաժամերից խուսափելու համար: Հարգելի սահմանադրագետներ, կարո՞ղ եք հիշել որևէ պետական կառավարման ճգնաժամ Հայաստանում, որը կապված լինի Սահմանադրության վատ կառուցվածքի հետ: Իհարկե չեք կարող, չի եղել նման դեպք: Եթե չի եղել, էլ ինչի՞ եք աղավաղում եղածը: Աղավաղում են միահեծանությունն ու ավտորիտարիզմն էլ ավելի խորացնելու համար:
Հայաստանի կառավարման միակ չարիքը, երկրում առկա բոլոր խնդիրների հիմնական պատճառը դա ավտորիտար կառավարման համակարգն է, իշխանության մարմինների միջև հակակշիռների և զսպումների մեխանիզմների անգործությունը, իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է ԱԺ-ում, ՀՀԿ-ն միանձնյա կառավարություն է ձևավորել, Դատական համակարգն ամբողջությամբ սեփականաշնորհված է, երկրի նախագահն էլ ՀՀԿ նախագահն է, ով սահմանադրորեն պարտավորված է հետևել այս հավասարակշռության պահպանմանը: Ահա երկրի չարիքը: Անհրաժեշտ է բացառել միակենտրոն իշխանության ձևավորումը, այն կկործանի երկիրը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.mosinyan/posts/867979999951364?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել