Մեկ օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հանել հավասարության նշանը Հայաստանի և Ադրբեջանի գնահատականներից, և այսօր Ադրբեջանի սուլթանը փաստացի հաստատեց մեր նախագահի քաղաքական այդ հայտարարության տրամաբանությունը՝ դարձյալ ռազմական գործողություններ հրահրելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:
Փաստորեն, Եվրոպական օլիմպիական խաղերի կազմակերպիչը՝ Բաքուն, չի հարգում նույնիսկ նույն Եվրոպական խորհրդի նախագահի այցը տարածաշրջան և այդ օրերին հրահրում է ռազմական գործողություններ, ինչը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանն ագրեսոր կողմ է և ամեն գնով փորձում է խափանել Արցախի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ցավալի է, որ այս ամենը տեսնելուց հետո Արևմուտքը դարձյալ կոչ է անում հակամարտող կողմերին պահպանել զինադադարի ռեժիմը: Ժամանակն է սթափ դատել և հանդարտության կոչ ուղղել ոչ թե կողմերին, այլ պատերազմ հրահրող Ադրբեջանին: