Ընդդիմության, քաղաքացիական ակտիվիստների գերագույն ցանկությունն ու երազանքը նոր հանրապետության ստեղծումն է՝ նոր հարաբերություններով ու արժեհամակարգերով, անցյալի բարքերի, իշխանական ձախողումների բացասումներով: Եվ պատահական չէ, որ հատկապես «Ոչ թալանին» շարժումը շատերի մեջ հույսեր արթնացրեց՝ ստեղծելու այդ երազած «չորրորդ հանրապետությունը»: Պարզվում է, որ Սերժ Սարգսյանն ու նրան սատարող թիմն էլ են մտածել «նոր հանրապետության» մասին և որպես այդ նոր հանրապետության իրավական հիմք ու արդարացում՝ առաջարկել են սահմանադրական բարեփոխումները, որոնք, իսկապես, ոչ միայն երկիրը կիսանախագահականից տեղափոխում են խորհրդարանական կառավարման, ինչն արդեն նոր վարչաձև է թելադրում է նոր որակի իրավահարաբերություններ, այլև ճանապարհում են բացում դեպի անցյալ, դեպի խորհրդային պետության մոդելը:
Ուշագրավն այն է, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը ոչ թե վերադարձնում է մեզ բրեժնևյան սահմանադրության տիրույթներ, այլ շատ ավելի նմանվում է ստալինյան սահմանադրությանը: Շատերը բրեժնևյան սահմանադրությունը համարեցին աշխարհում ամենաժողովրդավարականը, ամենաառաջադիմականը: Այն իսկապես առաջաքայլ էր ստալինյան սահմանադրության համեմատությամբ, որը նույնպես աշխարհում երբևէ ստեղծված լավագույն սահմանադրություններից մեկն էր, սակայն ամեն ինչ հարմարեցված էր մեկ անձի ճաշակին ու քիմքին, հենց այդ սահմանադրությունն էր հնարավորություն տալիս կենսագործելու «անհատի պաշտամունքն» ու միանձնյա կառավարումը: Բրեժնևը շատ չհեռացավ միանձնյա կառավարման համակարգից՝ մեկտեղելով ՍՍՀՄ Գերագուն սովետի նախագահության նախագահի և ՍՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնները: Այսինքն՝ նա ՍՍՀՄ Սահմանադրության 6-րդ հոդվածը դարձրեց դոմինանտ, նրա շուրջ կառուցեց կառավարման ողջ համակարգը: Սահմանադրության առաջարկվող տարբերակն էլ նույնն է հաստատում: Ճիշտ է, այս պահին հենց այն իրավիճակն է, որը նախատեսվում է նոր սահմանադրությամբ, երբ մեկ կուսակցություն վերցրել է ՀՀ նախագահի, ԱԺ նախագաի և նրա տեղակալների, վարչապետի պաշտոնները, սակայն գործող սահմանադրությունը հնարավորություն է տալիս կոալիցիոն կառավարման, խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերին կոնսենսուսի հաստատմամբ կառավարման ոլորտում ներգրավելուն: Մինչդեռ նոր սահմանադրությամբ ԱԺ նախագահն է գրեթե նշանակում երկրի նախագահին, վարչապետին, խորհրդարանական մեծամասնությունը կառավարություն է կազմում իր ուժերով: Այս սահմանադրությունը նաև նախադեպը չունեցող է ողջ աշխարհում, որովհետև առաջին անգամ նախատեսվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ: Իշխանությունները կարող են արդարանալ, թե չի բացառվում, որ երկրորդ փուլում հաղթի առավել շատ ձայներ ստացած երկրորդ կուսակցությունը, այսինքն՝ ոչ իշխանական կուսակցությունը: Պարզ է, որ երկրորդ փուլն ընդամենը բլեֆ է կեղծ ժողովրդավարական դրույթ, որովհետև հայաստանյան պայմաններում, երբ առաջնային է դարձել «ինչքան ուզենք, այնքան կխփենք» սկզբունքը, չի կարող որևէ այլ ուժ հավակնել երկրորդ փուլի:
Ուրեմն, իսկապես «չորրորդ հանրապետության» ժամանակն է գալիս, երբ ամենուրեք կկախվեն կարգախոսներ՝ «Փառք ՀՀԿ», «Կուսակցությունը մեր առաջնորդն է», «Կուսակցությունը մեր միտքն է, պատիվն ու խիղճը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/676315085806286?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել