Հայաստանի արտահանումն էապես զիջում է ներկրմանը, և մշտապես տպավորություն կա, թե մենք աշխարհին իրապես անհրաժեշտ որակյալ ապրանք ստեղծելու ունակություն չունենք: Այնինչ, մի քանի հայկական արտադրողներ կոտրել են այդ կարծր պատնեշը և անցել Հայաստանի սահմաններից դուրս՝ դառնալով միջազգային շուկայում ճանաչելի ապրանքանիշեր: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, սակայն վստահ եմ, որ կան էլի ապրանքանիշներ, որ ցանկում ներառված չեն, ուստի թող ներեն ինձ ընթերցողները, և որպես ուղղում՝ կարող են գրել որպես մեկնաբանություն կամ անհատական նամակ, և ես կուղղեմ գրառումս :)

  1. Ջերմուկ

Թեև ի տարբերություն մեր հակառակորդ հարևանի՝ մենք չունենք նավթ և գազ, սակայն ունենք բացառիկ հանքային աղբյուրներ, որոնց ջուրը ցանկալի է յուրաքանչյուր սեղանի վրա աշխարհի ցանկացած անկյունում: «Ջերմուկ» ապրանքանիշով հանքային ջուրը հայկական շուկայի առաջատարն է, սակայն առավել կարևոր է, որ այն կարողացել է գրավել նաև միջազգային շուկաներ: «Ջերմուկ Գրուպ» ընկերությունն այսօր իր արտադրանքն արտահանում է աշխարհի 40 երկրներ, հանդիսանում է Կրեմլի և ռուսական այլ պետական մարմինների պաշտոնական մատակարարը:

  1. PicsArt

Հայկական այս սթարթափն այսօր բջջային հավելվածի համաշխարհային շուկայի առաջատարներից է, որն ունի 220 մլն ներբեռնում և 60 մլն ակտիվ օգտատերեր  (հոդվածը գրելու պահին :)): Photoshop-ի և Instagram-ի տարրեր պարունակող PicsArt-ն արդեն իսկ մեծ նվաճումների է հասել, բայց միաժամանակ դեռ շարունակում է մնալ հեռանկարային, որի մասին վկայում են Sequoia Capital վենչուրային ընկերության կատարած ներդրումներն ընդհանուր 25 մլն դոլարի չափով: IT-ն լայն հնարավորություն է տալիս շրջանցելու տարածքային արգելքը, և PicsArt-ը հայկական առաջին ընկերություններից էր, որ լավագույնս օգտագործեց այդ առավելությունը՝ ի սկզբանե աշխատելով հենց համաշխարհային շուկայի համար:

3. Zangi

Այս նորամուտ հեռախոսային հավելվածը բավականին մեծ քայլերով զարգանում է, և ինչպես իրենք են ասում, հիմնական մրցակիցը Skype-ն է։ Ինչին կարելի է հավատալ, քանի որ Զանգին ունի բավականին մեծ օգագործողների քանակ և ավելի ֆունկցիոնալ է, քան իր մրցակիցները։ Վստահ եմ՝ քիչ ավելի ուշ այն կդառնա շուկայի բացարձակ առաջատար։

4. Վիվառո

«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը «Ջերմուկի» նմանությամբ նախ ձեռնամուխ եղավ նվաճելու հայկական շուկան, լինելով 13 տարվա շուկայի առաջատար, ունենալով ավելի քան 20 վճարային համակարգ, ապա ներքին շուկան գրավելուց հետո դուրս եկավ գլոբալ շուկա: «Վիվառո» բրենդը ճանաչելի է ԱՊՀ տարածքում: Հունիսին Մոսկվայում կայացած Betting Awards 2015 մրցանակաբաշխության ժամանակ «Վիվառոն» հենց հաճախորդների քվեարկության արդյունքում ճանաչվեց ԱՊՀ լավագույն առցանց բուքմեյքեր:

5. Հայկական կոնյակ՝ «Արարատ»

Եթե շփվում եք արտասահմանցիների հետ, չզարմանաք, եթե նրանք Հայաստան ասելիս առաջինը մատնանշեն հայկական կոնյակը։ Հայկական կոնյակ նախընտրել է նույնիսկ Ուինսթոն Չերչիլը, ու թեև աշխարհում այն կոչվում է «բրենդի», սակայն հաճելի է տեսնել, որ անկախ Հայաստանի տարիներին ևս «ազգային արժեք» հռչակված կոնյակը կարողացավ հարմարվել շուկայական տնտեսության կանոններին և վերականգնել իր փառքը միջազգային շուկայում: Այսօր կոնյակի արտահանման ծավալները զիջում են միայն պղնձի արտահանմանը՝ հասնելով ավելի քան 200 մլն դոլարի:

6. Shadowmatic

Triada Studio Games ստուդիան երկար տարիներ գործում էր Հայաստանում, սակայն 2015թ. այն հաղթահարեց ստվերը՝ իր Shadowmatic բջջային խաղով, որը գրավեց ողջ աշխարհը: Թողարկումից օրեր անց այն հայտնվեց Apple Store-ի Editor Choice-ում և Apple-ի կողմից ճանաչվեց հունվարի լավագույն խաղը: Այն առանձնանում էր ինչպես իր գաղափարով, այնպես էլ դիզայնով և մատուցմամբ, որի շնորհիվ սկսեց լայն տարածում գնել ամբողջ աշխարհում սփռված միլիոնավոր հեռախոսներում: Այս ընթացքում Triada-ն զբաղված էր մրցանակները հավաքել-տեղավորելով, իսկ դրանցից վերջինը Apple Design Award մրցանակն էր:

Հ.Գ. Թող ինձ ներեն բոլոր այն հայկական բրենդները, որոնց բաց եմ թողել։ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել