Խորհրդային տարիներին լույս տեսած «Սովետական Հայաստանի հանրագիտարան» հատորաշարի հատորներից մեկում «թեոսոֆիա» հոդվածի վերջնամասում հայ ընթերցողին հրամցվում է տեղեկություն, որ փիլիսոփայական այդ ուղղության հիմնադիրներից է Ե. Բլավատսկին (տղամարդ): Եթե ընթերցողը քիչ թե շատ ծանոթ է 19-րդ դարի հայ ժողովրդի պատմությանը, ապա մեծագույն հաջողությամբ կարող է ենթադրել, որ նշված անձը Խաչատուր Աբովյանի ժամանակներում ապրած և նրա անհետացման հետ որոշակի առնչություն ունեցած Բլավատսկին է, որն այդ տարիներին ցարական իշխանության կողմից նշանակված է եղել Երևանի նահանգի նահանգապետ: Իսկ իրականությունն այն է, որ թեոսոֆիայի իսկական հիմնադիրը Ելենա Պետրովնա Բլավատսկայան է, որը 17 տարեկան հասակում կարճ ժամանակով դժբախտություն է ունեցել նշված նահանգապետի կինը համարվելու և փախել է նրանից, որպեսզի պահպանի կուսությունը...
Անվանափոխության այս գործը մեր օրերում հաջողությամբ շարունակում է Հայ Արիական Միաբանության անդամ ոմն Քուրմ Մանուկ, որը Գ. Գյուրջիևին նվիրված իր հոդվածում գրում է հետևյալը. «...Ոմանք Գյուրջիևին համեմատում են Կալիոստրոյի (Ջուզեպե Բալզամոյի), ոմանք էլ՝ «անմահ» Սեն-Ժերմենի (18-րդ դ.) հետում հայտնի թաքնատես Ն.Բլավացկայան դասել է «տիբեթյան մեծ վարպետների» շարքը»...  Ինչպես տեսնում ենք, թոսոֆիայի հիմնադիրն այս մեջբերման մեջ արդեն որպես կին է ներկայացվում, բայց պահպանել է իր երբեմնի ամուսնու ոչ միայն ազգանունը, այլ նաև անունը (Նիկիֆոր):
Անվանափոխության այս մոլուցքի զոհ է դարձել նաև ինքը՝ Գյուրջիևը: Այսպես՝ հայ-արիական նախապատմական հսկա նահապետների հետ Արագածի ծերպերում «զրույցի բռնված» Արթուր Արմինն իր վերջերս լույս տեսած գրքի 121-րդ էջում գրում է, որ «հոտային վարքագծի» գաղափարախոսներից մեկը(՞) Իվան Գուրջիևն է, որն ինչ-ինչ գիտելիքներ է քաղել Աֆղանստանի սուֆիստական ինչ-որ  համայնքում և դրանց հիման վրա կերտել ու տարածել ինչ-որ նոր ուսմունք... 
Անհեթեթություն չէ՞ արդյոք, որ նոր ուսմունքների մասին դատողություններ է անում մեկը, որն անգամ տեղյակ չէ, որ իր կողմից նշված Իվան Գյուրջիևն իրականում 20-րդ դարասկզբի աշուղներից է,  և «աշուղ Ադաշ» մականունով եղել է Ջիվանու աշուղական դաստայի հայտնի անդամներից մեկը: Իսկ այ նրա ավագ որդին՝ Գյումրիում ծնված Գեորգի Գյուրջիևն, իրոք համաշխարհային ճանաչում ստացած ուսմունքի հիմնադիր է՝ ուսմունք, որը ոմանք անվանում են «Էզոթերիկական քրիստոնեություն», ոմանք էլ պարզապես՝ «Չորրորդ ուղի»...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել