Այսօր` նոյեմբերի 14-ին, Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղեց կառավարությանը՝ մեջբերելով կրթության, գիտության մասին օրենքի համապատասխան կետերը, որոնք սահմանում են, թե որ ուսանողները կարող են օգտվել ուսանողական կրթաթոշակից, որը կազմում է ընդամենը 5000 դրամ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով է որոշվել այդ գումարն այն դեպքում, երբ պետական ԲՈՒՀ-երի վարձավճարները տատանվում են մի քանի հարյուր հազարից, մինչև մեկ միլիոնից ավել դրամ մեկ տարվա համար: Էնֆիաջյանը անհանգստացած էր նաև այն փաստով, որ գերազանցիկության կրթաթոշակը, որը պիտի լինի խրախուսական պարգև, ընդամենը` 1000 դրամ է ավել:
Նախարարը պատասխանեց, որ բյուջեով ոլորտին հատկացված գումարի 18 տոկոսը հատկացվում է ուսանողներին` որպես կրթաթոշակ, և համաձայնվեց, որ առկա է խնդիր և առաջարկեց միասին քննարկել խնդրի լուծման տարբերակները:
Իրականում պատգամավորի բարձրացրած հարցը տեղին էր և տրամաբանական, թե ոլորտի մասնագետները ինչ սկզբունքով են իրականացրել բաշխումը, որը չի բավարարում ուսանողի անհրաժեշտ նվազագույն ծախսերը հոգալու համար: Առավել քան տարօրինակ էր նախարարի համագործակցության առաջարկը այն դեպքում, երբ բարձրացված խնդիրն արդեն համագործակցություն է, իսկ կրթաթոշակների չափի, բաշխման սկզբունքները պիտի կանոնակարգեն ոլորտի` Կրթության և գիտության նախարարությունը, որը, ըստ ամենայնի, ունի արհեստավարժ մասնագետներ, փոխնախարարներ և որոլտի ստորաբաժանումների պատասխանատուներ նախարարի գլխավորությամբ: Ըստ էության` հենց նախարարությունն է պարտավոր համապատասխան քայլեր ձեռնարկել և շտկել հիրավի այն ծիծաղելի իրավիճակը, երբ ուսանողը, որի ուսման տարեկան վարձավճարը կարող է գերազանցել մեկ միլիոն դրամը, ստանում է 5000 դրամ, իսկ գերազանցիկության դեպքում` 6000:
Հ.Գ. Ստացվում է` ուսանողը, ով պետք է համապատասխանի մի շարք չափորոշիչների ստանում է ընդամենը 5000 դրամ, որը չի բավարարում ուսանողի նվազագույն ծախսերը հոգալուն, ինչպիսիք են` ճանապարհածախսի, ընդմիջման գումարի կամ ինտերնետից օգտվելու մեկ ամսվա վարձավճարը:
Իսկ թվարկած խնդիրներից ոչ մեկը հնարավոր չէ լուծել 5000 դրամով:

1lur.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել