Ամեն պատեհ ու անպատեհ առիթի իշխանական ու մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչներն իրենց սերն են հայտնում ժողովրդի հանդեպ:
Մեկ շաբաթ շարունակ ժողովուրդը, փողոցում կանգնած, պահանջում է չեղյալ համարել այդ նույն իշխանության անատամության պատճառով կայացված որոշումը: Մեկ շաբաթ շարունակ ցուցարարները մի կողմից պայքարում են անօրինականության դեմ, մյուս կողմից առավելագույն զգոնություն են ցուցաբերում, որպեսզի որևէ սադրիչ չկարողանա ստվեր գցել մինչ օրս բարձր մակարդակով կազմակերպված ընդվզման վրա:
Ի՞նչ է արել իշխանությունն այս օրերի ընթացքում: Վերին էշելոնի քար լռություն և հրաման կատարողների կողմից խայտառակ ակցիա ջրցան մեքենաների ուղեկցությամբ: Այ ձեր տունը շինվի, մենք հո Տղմուտի ափին չէի՞նք, որ ձեր փղերով հարձակվեցիք էդ երիտասարդների վրա:
Ակցիայի մասնակիցների մեծամասնությունն աշխատող մարդիկ են, բայց այսօր առաջնայինը համարում են արդարացի պահանջի վերջնական լուծման համար պայքարը, իսկ ձեր բանուգործի անունն ի՞նչ է: Էդ ի՞նչ ավելի կարևոր գործերով եք զբաղված, որ օրեր շարունակ չեք նկատում ժողովրդին: Հիշեք այս օրերը, հիշեք, թե որքան եք հարգում ժողովրդին, որ վաղը, մյուս օրը գոնե ամոթից լռեք: Չնայած ոչ վաղ անցյալում ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ նույն երևույթի մասին ուղղահայացորեն հակադիր կարծիք հայտնող մարդն ի՞նչ գիտի, թե թասիբն ու պատիվն ինչ են: Հիմա էլ էժանագին տրյուկներ եք ուզում օգտագործել` շիշ, միշ, գարեջուր, քար, ֆլան-ֆստան: Մարդիկ այս օրերի ընթացքում ապացուցեցին, որ ոչ մեկի գրպանում ատոմային ռումբ չկա, ու կարիք չկա անընդհատ կեղտ փնտրել: Շատ ավելի լավ է ինքներդ ձեզ ստիպեք, որ արագ որոշում կայացնեք, որպեսզի մարդկանց համբերության բաժակը չլցվի:
Այս անգամ ձեր հաշվարկները ձեզ կհիասթափեցնեն: Ժողովրդի նյարդերը տեղի չեն տալու խնդրի լուծումը ձգձգելու պատճառով: Ուղղակի, երբ պահը բաց թողնեք ու հարցին լուծում չտաք, ապա վաղը նոր պահանջ կառաջադրվի, որի լուծումն այլևս ձեզանից կախված չի լինի
Հ.Գ. Օրեր առաջ, երբ Հրանուշը նոր ֆոտոսեսիայի էր մասնակցել, ես շատ էի ուրախացել: Ես ընդհանրապես ուրախանում եմ, երբ մեր պաշտոնյաները ոչ թե իրենց անմիջական պարտականություններն են կատարում, այլ զբաղված են լինում լրիվ այլ գործերով, որովհետև այդպես ժողովրդին ավելի քիչ վնաս են տալիս։