Միջազգային մամուլի անդրադարձը երեկվա կատարվածին բավականին հետաքրքիր է: Ռուսական մի քանի լրատվամիջոցներ, անդրադառնալով երեկվա ցույցին, հիմնականում առաջ են տանում այն թեզը, թե Երևանում սկսվում են կիևյան բախումներ: Ամենահետաքրքիրը, թերևս, այն է, որ ռուսական լրատվամիջոցների կարծիքով՝ այս ամենի հետևում կանգնած են ամերիկյան ուժեր:

«Ոչ թալանին» նախաձեռնության պայքարի հիմքում ընկած է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: Քաղաքացիներն ունեն հստակ ձևակերպված պահանջ, սակայն միջազգային, իսկ ավելի կոնկրետ ռուսական լրատվամիջոցների աչքերով՝ պատկերը մի փոքր այլ է` այս ամենի արմատները տանում են դեպի ԱՄՆ: 
РЕН ТВ-ն նշում է. «Դեռևս մարտին РЕН ТВ-ի թղթակիցը եղել է Չեխիայում գտնվում փոքրիկ բազայում, որտեղ պրոֆեսիոնալ ցուցարարների են պատրաստում: Այնտեղ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի նախկին չինովնիկ Փոլ Քրեյգը պատմել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կրկնել Մայդանը Երևանում: Եվ հենց դրա համար է, նրա խոսքերով, ամիսներ առաջ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն այցելել Երևան»:

Ուկրաինական ու ռուսական լրատվամիջոցներից յուրաքանչյուրը երեկվա կատարվածը մեկնաբանում է՝ սեփական շահերից ելնելով: 
Արդյո՞ք ցանկացած պայքարի հետևում պետք է կանգնած լինեն ինչ-որ ուժեր: Սա քաղաքացիների արդար պահանջ է, և չկան ո՛չ ամերիկական կլաններ, ո՛չ ջհուդամասոնական ազգակործան ծրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել