ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրա ընդունման դեպքում, ըստ հեղինակների հիմնավորման, Շիրակի մարզի բոլոր համայնքներում և Գյումրիում առևտրատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար կսահմանվեն որոշակի հարկային արտոնություններ, որոնց արդյունքում աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում,կակտիվանան նպատակային ներդրումները, տնտեսվարողների համար կստեղծվեն հարկային բարենպաստ և առանձնահատուկ արտոնյալ պայմաններ:
Նախագծի ընդունմամբ, դարձյալ ըստ օրինագծի հեղինակների, Գյումրու «Շիրակ» օդանավակայանի տարածքը կսահմանվի ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա ավելացնելու չվերթների քանակը, կստեղծվեն նոր աշխատատեղեր և նշված ոլորտում, և ամբողջ մարզում: Թվում է, թե կառավարությունը ոչ մի պատճառ չպետք է ունենար վիճարկելու կամ, մանավանդ, մերժելու պատգամավորների օրինագիծը, որի էությունը շարադրված է այսքան օբյեկտիվ և հակիրճ բնութագրումներով: Սակայն կառավարությունը կառավարություն չէր լինի, եթե ժլատ տողերի հետևում չբացահայտեր խնդրի բուն էությունը:
Իրականում օրինագծով առաջարկվում է սահմանել, որ`
ա/ առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի իրականացման գործունեությունից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից Գյումրի քաղաքի վարչական սահմաններում` 50 տոկոսի չափով, իսկ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում` ամբողջությամբ,
բ/քաղաքում և մարզի այլ համայնքներում բնակչությանը մանրածախ վաճառք իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են եկամտային հարկից: Բացի այդ, շրջանառության հարկից ամբողջությամբ, իսկ Գյումրի քաղաքում` 50 տոկոսի չափով, ազատվում են իրացումից ստացված եկամուտները, օտարման գործարքները, շահութահարկից կամ եկամտային հարկից` իրացումից ստացման ենթակա եկամուտները և այլն:
Առաջարկվում է սահմանել նաև, որ Գյումրի քաղաքում 40 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից և եկամտային հարկից: Նույն հարկատեսակներից 2 տարով ազատվում են 80 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն դրամ ներդրում իրականացնող, 3 տարով` 100 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն դրամ ներդրում իրականացնող, 4 տարով`150 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 1 մլրդ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները և այլն:
ՀՀ կառավարությունը ողջունելի է համարել ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքների գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: Այդ է վկայում կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ ընդունած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքը: Միաժամանակ կառավարությունը գտնում է, որ ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի դրանց արդյունքները գերազանցեն պետության կրած կորուստները:
Ներդրումների ներգրավման խնդիրն այսօր արդիական է ամբողջ հանրապետությունում: Այդ առումով անհասկանալի է նման խտրական մոտեցման տրամաբանությունը: Մասնավորապես. անհասկանալի է, թե ինչու են արտոնությունները նախատեսվում միայն Շիրակի մարզի կամ Գյումրի քաղաքի համար, երբ ներդրումների ներգրավման խնդիր ունեն նաև Լոռու մարզը կամ Վայոց ձորի մարզը:
Կառավարությունն այսքանով չի բավարարվում և մատնանշում է ևս մի քանի փաստարկ, որոնք անցանկալի են դարձնում պատգամավորների օրինագծի ընդունումը: Մասնավորապես, անհասկանալի է մնում, թե «Շիրակ» օդանավակայանի տարածքը ազատ տնտեսական գոտի սահմանելու առաջարկությունն ինչպես կարող է նպաստել այդ օդանավակայանի չվերթների քանակի աճին: Իր ս.թ. հունիսի 10- ի նիստում դեմ արտահայտվելով ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի օրենսդրական նախաձեռնությանը, կառավարությունը, ինչպես պահանջում է օրենքը, հարցն ԱԺ- ում քննարկելիս հարակից զեկուցող է հաստատել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին: