Հայկական հեռուստաեթերում բազմաթիվ հումորային հեռուստանախագծեր են եղել՝ ոմանք ավելի հաջող, ոմանք՝ ոչ այնքան, իսկ ոմանք էլ՝ բացարձակ տափակաբանություն են մատուցել։ Սակայն եղել են նաև այնպիսի նախագծեր, որոնք խիստ հաջողված են եղել ու էկրաններին գամված են պահել երկրի ողջ բնակչությանը։ Ձեզ ենք ներկայացնում այդպիսի 5 հումորային նախագիծ, որոնք ամենահաջողված են հայկական հեռուստատեսության պատմության մեջ։

5. Բեռնարդ Շոու

Թեև իր վերջին թողարկումներում Բեռնարդ Շոուն ամբողջովին սպառել էր իրեն, բայց այս հեռուստանախագիծը իսկական ռումբ էր հայկական հեռուստաեթերում և հազարավոր մարդիկ սիրով հետևում էին դրան, հատկապես, երբ դեռ տղաների հումորները թարմ էին ու օրիգինալ։ Ճիշտ է, կար որոշակի ասիմետրիա՝ հաղորդավարների ընկալման ու մեծ հաշվով՝ նրանց հումորի զգացման մակարդակների մեջ ու գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ հաղորդման համն ու հոտը Արտյոմ Մարկոսյանն էր, բայցևայնպես, հաղորդումը մնաց եթերում մի քանի տարի և գրեթե ամեն օր եթեր էր դուրս գալիս։ Այս հանգամանքը թույլ է տալիս ասել, որ Բեռնարդ Շոուն ամենահաջողված հումորային նախագծերից էր, բայց միևնույն ժամանակ, հենց այսպիսի խտությունն ու պարբերականությունը ի վերջո սպանեցին հաղորդումը, քանզի անչափ բարդ է ամեն օր թարմ ու հաջողված հումորներ անել։

4. Yere1

Հումորային նախագիծ, որն այնքան հաջող էր, որ մի քանի եթերաշրջանով հեռարձակվեց Հայաստանի ամենախոշոր հեռուստաընկերության կողմից։ Այս հաղորդման կերպարները շատ էին ու բազմազան, իսկ հումորային արտահայտություններից շատերը այնքան պոպուլյար էին, որ մտան ժողովրդական լեզվի մեջ ու դարձան սլենգի անբաժանելի մասը։ Միևնույն ժամանակ, Yere1-ը սուր երկիծանքի տեսքով անդրադառնում էր հայկական իրականության ամենաարատավոր երևույթներին և կարողանում էր անել այնպես, որ դա ժպիտ էր առաջացնում տասնյակ հազարավոր մարդկանց մոտ։

3. 32 Ատամ/Վիտամին ակումբ

Իր հարատևությամբ ռեկորդային ցուցանիշ ունի հայկական սթենդ-ափ հումորի առաջին նախագիծը, որն անմիջապես գրավեց հեռուստադիտողին ու երկար տարիներ շարունակ հանդիսանում է ամենասիրված հումորային նախագծերից մեկը։ Եվ նույնիսկ սկզբնական թիմի տրոհումը չկարողացավ տապալել այս նախագիծը։ Թեև այսօր Վիտամին ակումբը ստեղծագործական դադարի մեջ է ու բախվել է նույն խնդրին, ինչ ցանկացած հումորային նախագիծ, որը երկար ժամանակ է հեռարձակվում և բարձր հաճախականությամբ, բայցևայնպես, նույնիսկ եթե Վիտամինը էլ չլինի, այն շարունակելու է մնալ Հայաստանի պատմության ամենահաջողված հեռուստանախագծերից մեկը։

2. ԱրմՔոմեդի

Արդեն երկու-երեք տարի է, ինչ հայկական հեռուստատեսության ամենաորակյալ ու ինտելեկտուալ հումորը ստանում ենք ԱրմՔոմեդի հումորային ծրագրից ու տղաները կարծես դեռ մոտ էլ չեն սպառելու իրենց ռեսուրսը։ Անչափ գովելի է նաև այն, որ ԱրմՔոմեդին ոչ թե պարզապես հումոր է մատուցում, այլ այնպիսի հումոր, որը վուլգար չէ, չի պարունակում զազրախոսություն և ստիպում է մտածել մեզ շրջապատող իրականության մասին։ Ավելորդ է նշել, որ նույնիսկ ամենասուր քաղաքական ու հասարակական խնդիրներըիի վրա անհնար է չծիծաղել, եթե դրանք հայտնվում են ԱրմՔոմեդիի թիրախում։

1. Կարգին հաղորդում

Եվ վերջապես, մեր չեմպիոնը։ Ինչ ուզում եք ասել, բայց Հայկոյի ու Մկոյի բեղուն համագործակցությունը վեր է մրցակցությունից։ Իհարկե, շատ են հնչել տարատեսակ քննադատություններ՝ Կարգին հաղորդման սյուժեի, ժարգոնի ու կերպարների վերաբերյալ, սակայն ես կտրականապես դեմ եմ դրանց, քանի որ որպես սյուժետային հիմքը ընտրվում էին հին ու նոր հարյուրավոր անեկդոտներ, որոնք ժողովրդկան ֆոլկլյորի բաղկացուցիչ մասն են կազմում, իսկ տղաների հումորն ու տաղանդն այնքան բարձր էր, որ հաճախ կարելի էր ասել, որ ոչ այնքան անեկդոտ-պատմությունն էր մեզ լիաթոք ծիծաղեցնում, որքան հենց տղաների դերասանական խաղն ու Կարգին հաղորդման անձնակազմի ստեղծած խիստ հումորային լուծումներով դրվագները։ Այնպես որ, Կարգին Հաղորդումը՝ Հայաստանի պատմության ամենաստացված հումորային նախագիծն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել