Newsline.am-ը գրում է.
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Սենատն իր հատուկ նիստում ընդունել է այսպես կոչված Հայրենասիրական ակտը: Խոսքն այն օրենքի մասին է, որն իշխանություններին թույլատրում է մասշտաբային գաղտնալսումներ իրականացնել և տեսղեկությունների հավաքել երկրի քաղաքացիների մասին` ահաբեկչական ակտերի մասին զգուշացնելու համար:
Հունիսի 1-ին լրացել էր օրենքի ուժի մեջ գտնվելու ժամկետը, ինչի համար էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հատուկ ծառայությունների, այդ թվում Ազգային անվտանգության գործակալության ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները պնդել են, որ այն երկարաձգվի մինչև 2019 թվականի ավարտը:
Փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 60 սենատորի աջակցությունը: Մայիսի 13-ին օրենքի մասին լսումներ էին անցկացվել Ներկայացուցիչների պալատում, սակայն մայիսի 22-ին այն մերժվել էր Սենատի կողմից (100 սենատորներից դեմ էին արտահայտվել 57-ը):
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, հանրապետական Ռենդ Փոլը մայիսի 22-ին գրեթե 11-ժամանոց ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատում, ինչն ուղղված է եղել Հայրենասիրական ակտի գործողությունների երկարաձգման դեմ: Դաշնային այդ օրենքն ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո և իշխանություններին ընձեռում է քաղաքացիներին վերահսկելու լայն լիազորություններ:
Դա մասնավորապես վերաբերբվում է հեռախոսազրույցների գաղտնալսմանն ու էլեկտրոնային փոստի վերահսկմանը: Կոնգրեսը Հայրենասիրական ակտի երկարաձգման հարցը պետք է դիտարկի մինչև հունիսի 1-ը, երբ կսպառվի իր գործողությունների ժամկետը:
Քենթուքի նահանգի սենատոր Փոլի ելույթը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը մոտ 13.20-ին և ավարտվել է ժամը 23.50-ին: Սակայն նա չի կարողացել գերազանցել Հարավային Կարոլինայի նահանգի սենատոր Սթրոմ Թերմոնդի (մահացել է 2003 թվականին) ռեկորդը:
1957 թվականին Թերմոնդը ելույթ է ունեցել ավելի քան 24 ժամ` փորձելով թույլ չտալ ամերիկացիների տարբեր խմբերի համար ընտրական իրավունքների հավասարությանն առնչվող օրինագծի ընդունումը: