Խախտելով «Ռենեսանս» էջի վաղուց արդեն ձևավորված ավանդույթը, այն է՝ անդրադառնալ Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչների ու քանդակագործների կյանքին ու արվեստին, այս անգամ ես կանդրադառնամ իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիին: Խախտելով ևս մեկ ձևավորված ավանդույթ՝ այս անգամ ստվերում թողնելով Դանթեի թողած մշակութային ժառանգությունն ու մեծագույն արվեստը՝ ես կանդրադառնամ նրա հասարակական ու քաղաքական գործունեությանն ու «Աստվածային կատակերգգություն» պոեմին, որին անդրադառնալու միակ պատճառը թերևս տածածս պաշտամունքն ու հարգանքն է համաշխարհային գրականությունը մասամբ հեղաշրջած այդ գործի հանդեպ: 
Դանթե Ալիգիերին ծնվել է 1265 թվականին Գուելֆյան ընտանիքում, հայրը՝ Ալիգիերո Ալիգիերին, իրավաբան էր, աշխատում էր քաղաքի բանկային մի բաժանմունքում: Դանթեին ճակատագրին դրոշմված դժբախտությունների շարանը սկսվում է դեռ պատանի Դանթեի երիտասարդական եռանդի ամենաեռուն տարիներին: Այդ տարիներին Դանթեն կորցնում է մորը, իսկ քիչ ժամանակ անց նաև հորը, ով, չդիմանալով կնոջ հանկարծահաս ու վաղաժամ մահվան ցավին, (հավանաբար) սրտի կաթվածից վախճանվում է՝ ճակատագրի հեգնանքին թողնելով նորաթուխ պատանուն, ով այդ տարիներից արդեն սկսել էր առանձնակի սեր տածել գրականության նկատմամբ: Երիտասարդ տարիներից նա ներգրավվում է քաղաքական դեպքերի ոլորապտույտի մեջ, ապա Գուելֆյան կուսակցության կողմից 1289-ի հուլիսի 11-ին Կամպալդինոյի ճակատամարտին մասնակցում՝ որպես հեծյալ զինվոր: Հետո, երբ գուելֆների և գիբելինների փոխարեն հանդես են գալիս Սևերն ու Սպիտակները, անցնում է վերջինների կողմը: 
Կյանքի հետագա տարիներին Դանթեն վարում է բարձր պետական պաշտոններ, հանդես գալիս դիվանագիտական առաքելություններով: Ապա Ֆրանսիայի թագաժառանգ Կարլ Վալուան զորքով շարժվում է Ֆլորենցիա։ Թշնամին ուժեղ էր, սեփական ուժերով դիմադրել հնարավոր չէր։ Աղետը կանխելու համար հարկավոր էր շտապ պատվիրակություն ուղարկել Հռոմի պապի մոտ։ Բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Դանթեն։ Ջովանի Բոկաչոն` Դանթեի առաջին կենսագիրը, պատմում է. երբ Դանթեին հարցրին, թե ինքն ինչ կարծիքի է, նա պատասխանեց. «Եթե ես մնամ, ո՞վ կգնա: Եթե ես գնամ, ո՞վ կմնա»: 
Հետագայում նա մեկնում է երկարատև դիվանագիտական առաքելության, ապա վերադառնալուն պես հանդիպում ՍԵՎԵՐԻ դաժան հաշվեհարդարին, նրանք պատժում էին բոլոր ՍՊԻՏԱԿՆԵՐԻՆ, այդ պատժից զերծ չի մնում նաև Դանթեն: Դատավճիռը ձևակերպված էր այսպես. Սևերի դեմ պայքարելու համար 5000 լիր տուգանք, երկու տարվա աքսոր Տոսկանայի սահմաններից դուրս, գույքի բռնագրավում, տունուտեղի հիմնահատակ ավերում։ Հրամանի տակ ավելացված էր` երեք օրվա ընթացքում ներկայանալ քաղաքագլխին: Դանթեն չի ներկայանում։ Քաղաքագլուխը նախկին հրամանին ավելացնում է. քանի որ դատապարտվածների չներկայանալը նշանակում է հանցանքը ընդունել, նրանց համար նոր դատավճիռ է նշանակում` «կրակի վրա այրել, մինչև մահանա»։ Այս հրապարակվել է 1302-ի մարտի 10-ին։ Դանթեի տունը հիմնահատակ քադում է քաղաքագլխի զինված ասպետների խումբը՝ 150 քարտաշների հետ միասին: 
Ծայրահեղ աղքատության ու հուսահատության մեջ ընկած Դանթեն ընտանիքի հետ բռնում է տարեգրության անկանխատեսելի ուղին՝ այլևս Ֆլորենցիա չվերադառնալով: Աքսորի չորրորդ տարում նամակով հայրենի քաղաք վերադառնալու թույլտվություն է խնդրում, որը մնում է անպատասխան ու անհետևանք: 1375 թվականին ընդունված մի օրենքով նա կարող էր վերադառնալ մի պայմանով: Պայմանն այն էր, որ դատապարտյալը երաշխավորագիր ներկայացնի, բանտարկվի, որից հետո բանտարկյալի անարգանքի գլխարկը գլխին, վառած մոմը ձեռքին՝ պիտի գնա Սան-Ջովանի եկեղեցին, խոնարհաբար ծնկի գա, ապաշխարի որպես «մեղքերը քավող հանցագործ»: Դանթեն չէր կարող ընդունել նման ստորացուցիչ պայմանը։ 1315-ի հոկտեմբերի 15-ին մեկ անգամ ևս որոշում է կայացվել` մահվան նոր դատավճիռ, այս անգամ՝ բանաստեղծի երկու որդիների հետ միասին։ Դատավճիռը հանդիսավոր կերպով հաստատել է փոխարքան: Աքսորի տարիներին ևս Դանթեն վերստին մնում է քաղաքական ակտիվ անցուդարձի կենտրոնում, Սպիտակների հաղթանակի և մասնատված Իտալիայի միավորման միակ հեռանկարը նա կապում էր գերմանական կայսր Հենրիխ 7-րդի հետ: 
Դանթեն չէր հասկանում, որ գերմանական կայսեր գալուստը ազգակործան չարիք է, սակայն տոգորված էր հավատով ու համոզմունքով` ղեկավարվելով Ֆլորենցիայի բարօրության, Իտալիայի միավորման ակնկալիքով։ Հենրիխի մահից հետո իրական հեռանկարներ չտեսնելով, Ֆլորենցիա վերադառնալու հույսը կորցրած, իր ակնկալիքների իրագործումն ու բոլոր նպատակները թողած՝ նա առհավետ թողնում է քաղաքական ասպարեզը: 
Վերջին տարիներին ապրելով Վերոնայում, ապա նաև Ռավեննայում՝ նա կնքում է իր մահկանացուն: Դա 1321 թվականն էր: 
«Աստվածային կատակերգություն» 
Վերնագիրը եղել է «Կատակերգություն»: Աստվածային մակդիրն ավելացրել են հետո։ Դրանով նկատի չեն ունեցել, որ պոեմի գործողությունը կատարվում է երկնային ոլորտում, այլ արտահայտել են գեղարվեստական վեհությունը` աստվածային գործ: «Կատակերգություն» վերնագիրն առաջացել է ժամանակի գեղարվեստական ըմբռնումներից։ Եթե գրվածքը ողբերգական բովանդակություն էր արտահայտում և տխուր վախճան ուներ, համարվում էր ողբերգություն, ուրախ վերջավորության դեպքում` կատակերգություն: Պոեմը դժբախտ դեպքեր է նկարագրում, բայց վախճանը բարեբաստիկ է, որի համար էլ Դանթեն այն պարզապես անվանել է «Կատակերգություն»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել