Ի պատասխան Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, որում նա ներկայանում է «բարի փերի», իսկ մյուսներին ներկայացնում հանցագործ, կցանկանայի, որ պրն. Զուրաբյանը արդար լիներ և բացեր բոլոր խաղաքարտերը: Լևոն Զուրաբյանին լսելուց կամ նրա հայտարարությունները կարդալուց հասկանում ես, որ այս մարդու հետ ոչ ոք չի կարող մրցակցել, և հենց նա է ժողովրդավարության խորհրդանիշը: Բայց եկեք վերադառնանք 90-ականներ և կտեսնենք իրական պրն. Զուրաբյանին: Լևոն Զուրաբյանը 1991-1998 թթ աշխատել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի գրասենյակում` որպես նախագահի օգնական:Այնքանով է հետաքրքիր, որ պրն. Զուրաբյանը այդ երկար տարիների ընթացքում ոչ միայն չի նկատել մեր երկրի ծանր վիճակը, հանցագործությունները, մի կտոր հացին կարոտ մնացած բազմաթիվ մարդկանց, քաղաքական անարդար մրցակցությանը, իսկ մարդու իրավունքների և արժանապատվության մասին անիմաստ է անգամ խոսելը. դրանք ոչ թե չէին պահպանվում, այլ ոտնահարվում էին հենց իրենց՝ քաղաքական էլիտա կոչվածի կողմից: Չգիտես ինչու, պրն. Զուրաբյանը չի խոսում և չի փաստում այդ տարիների՝ ՀՀ-ի պատմության մեջ տեղի ունեցած ամենախայտառակ ընտրությունների մասին:Իհարկե, դժվար չէ կռահել, թե ինչու չի խոսում, քանի որ հենց ինքը օգնել է մյուսներին, որպեսզի ունենանք կեղծիքներով լի, անարդար, մարդու իրավունքները չհարգող, անվստահելի և թալանված պետություն, որի հետևանքով մինչ այսօր խելքի չենք գալիս: Իհարկե, այս թվարկածներում չեմ մեղադրում միայն նրան, բայց 90-ականների հանցավոր ռեժիմի առաջնորդներից մեկը հենց նա է եղել: Իսկ այսօր պրն. Զուրաբյանը իր գործընկերների հետ միասին քաղաքական բոլոր հնարքներով մոլորության մեջ է գցում ժողովրդին: Ժողովուրդը նրանց հնարավորություն տվեց տարբեր հարթակներում որպես ընդդիմադիր բարձրաձայնել երկրում տիրող խնդիրների մասին, ինչը լավ հնարավորություն էր լուծելու շատ խնդիրներ և պայքարելու մեր երկիրը քայքայող երևույթների դեմ:Բայց կարծես թե նրանց ցանկությունները չեն համընկնում ժողովրդի ցանկությունների հետ, և նրանք ցանկանում են ավելին, քանի որ անհասկանալի էր նրանց վերջին հայտարարություններից մեկը, որ չեն մասնակցի կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդի նիստին:Այս քայլով կարելի է հասկանալ, որ մեր արմատական ընդդիմությունը ոչ թե ցանկանում է պայքար մղել հանուն մեր երկրի և մեր ժողովրդի բարեկեցիկ ապագայի, այլ ընդամենը պաշտոնների պակաս է զգում:Այս քայլը ուղղված էր իրենց գովազդին, բայց նրանք մոռանում են, որ ոչ թե գովազդային գործակալություն են ներկայացնում, այլ ժողովրդի ընտրյալներն են և պետք է գործով զբաղվեն, ինչպես արեցին մյուս ընդդիմադիր գործընկերները:Այնպես որ, պարոնա՛յք, երկար տարիներ երկիրը քանդելուց հետո գոնե հիմա ինչ-որ ներդրում ունեցեք:Չէ՞ որ ընդդիմությունը հսկայական դեր ունի երկրի զարգացման գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել