ՀԱՐՑ
Ես ամուսնացած եմ՝ արդեն գրեթե 3 տարի է: Ամուսինս ու ես ունենք խնդիր: Կարծես ես նրան ֆիզիկապես չեմ հետաքրքրում: Երբ նոր էինք ամուսնացել, գրեթե ամեն օր ունենում էինք հարաբերություն: Հետո ես հղիացա, հղիության ընթացքում հարաբերություն ունեցել ենք 2-3 անգամ, այն էլ երևի ամուսինս ինձ «խղճալով» արեց: Զզվում էր, կար 3-րդ անձ: Հուզմունքս ու զգացմունքներս չեմ նկարագրի, կարծում եմ՝ կպատկերացնեք ինքնագնահատականիս մակարդակը: Հետո ծնվեց երեխաս, սկսեցի կերակրել կրծքով, ինչը, կարծում եմ, պատճառ դարձավ, որ ևս 4 ամիս չունենանք հարաբերություն: Պլյուս՝ երևի ավելացած քաշս գրավիչ չէր, ինչը բնական է: Հիմա ես կորցրել եմ քաշս, նախկին տեսքս ունեմ ու ինձ հետևում եմ: Ամուսնուս հետ լինում ենք ամիսը 1-2 անգամ: Ու կարծես թե հետս լինում է զուտ ինչ-որ պարտականություն կատարելու համար: Երբ փորձում եմ սրա մասին խոսել, հիմնականում ինձ է մեղադրում, թե ես քայլեր չեմ ձեռնարկում, ինչը որ ճիշտ չէ: Հետո ինքն ասում է՝ իրեն շաբաթը մեկ լրիվ բավարար է: Ու համոզված է, որ ես ոչ թե մեկ, այլ բազմակի հաճույք եմ ստանում սեքսից: Չգիտեմ՝ ինչի է էդպես կարծում: Նաև պատճառաբանում է, որ իրեն խանգարում է պահպանակը, իր քաշը կամ գլուխն է ցավում: Կարծես դերերով փոխվել ենք: Ես պատրաստ եմ կոնտրացեպտիվ խմել, նա դեմ է: Ես ամեն քայլի պատրաստ եմ, միշտ վարել եմ ակտիվ կյանք: Առաջարկել եմ գնալ սեքսոպաթոլոգի մոտ. կտրուկ մերժել է: Չգիտեմ՝ ինչ անել, ամուսնուս սիրում եմ, չեմ ուզում բաժանվել, բայց պլատոնական սերն ինձ համար չէ: Անհամբեր կսպասեմ ձեր օգնությանը։
Իրինա
Հ.Գ. Բացառում եմ այն փաստը, որ ամուսինս գուցե ինձ դավաճանում է:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը
Այս պարագայում սեռական ցանկության իջեցումը, հնարավոր է, պայմանավորված լինի հիմնականում երկու խումբ գործոններով՝ սոմատիկ (հորմոնալ) և/կամ հոգեբանական-սեքսոլոգիական: Հորմոնալ պատճառներից են պրոլատկին հորմոնի մակարդակի բարձրացումը, որ ընկճում է սեռական ցանկությունը, ինչը պահանջում է հետազոտություն, կամ արական սեռական հորմոնի (տեստոստերոն) մակարդակի իջեցումը, ինչը ոչ միայն պատճառ է հանդիսանում սեռական ցանկության իջեցման, այլև իջեցնում է տղամարդու ընդհանուր աշխատունակությունը, առաջ բերում շուտ հոգնածություն, քաշի ավելացում: Շատ տղամարդիկ խուսափում են սեռական կյանքից՝ ենթագիտակցորեն խուսափելով կնոջ մոտ նոր հղիության առաջացումից և դրա համար բերում են տարբեր պատճառներ: Նաև, երբ տղամարդը երկար ժամանակ չի ապրում սեռական կյանքով, նրա օրգանիզմում սկսում են ակտիվանալ սեռական մղումը արգելակող մեխանիզմներ, ինչը հանգեցնում է սեռական ցանկության իջեցման: Այսպիսով, այս խնդիրը բազմապատճառային է և սեքսոլոգիական տեսանկյունից այն բավականին արդյունավետ բուժվում է, անհրաժեշտ է հետազոտությունների միջոցով պարզել ախտածագումը և համալիր բուժման միջոցով վերականգնել ամուսնական սեքսուալ ներդաշնակությունը: