Թեև Հայաստանում «գործում» են մի քանի տասնյակ կուսակցություններ, սակայն իրականում քաղաքական կյանքում դերակատարում ունեն և գաղափարական պայքար են մղում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն (անկեղծ պետք է լինել` ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն էլ կռիվ են տալիս կուսակցություն դառնալու ճանապարհին), և շատ բնական է, որ այս պահին, չունենալով քաղաքական և գաղափարական խորը հակասություններ, Հայաստանի գործող երկու կայացած կուսակցությունները փորձում են համագործակության եզրեր գտնել` կազմելով կոալիցիա, հաշվի առնելով, որ հանրապետության նախագահը, ունենալով բացարձակ իշխանություն, երբեք երկիրը միանձնյա կառավարելու խնդիր չի դրել և իշխանության դռները բաց է թողել պատասխանատվության զգացում ունեցող ցանկացած ուժի համար: Ես ռեալ եմ համարում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան և կարծում եմ, որ Դաշնակցությունն իրապես կարող է աջակցել իշխանություններին երկրի կառավարման գործում:
Հայաստանում ձևավորված տնտեսական բարդ իրավիճակը պետք է ստիպի ցանկացած մտահոգ քաղաքական ուժի ետ կանգնել մերկապարանոց քննադատությունից և էժանագին քաղաքական դիվիդենտներ շահելուց և աջակցել գործող իշխանությանը՝ ստեղծված իրավիճակը փոխելու համար: Ինչ խոսք, բացթողումները և սխալները պետք է քննադատել: Փաստ է, որ գործող իշխանությունը, նախագահի գլխավորությամբ, ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի յուրաքանչյուրն արտահայտի իր տեսակետը՝ չենթարկվելով քաղաքական հետապնդումներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել