Ազգային ժողովը նմանվել է վատ դասարանի, որտեղ պատգամավորները չարաճճի աաշկերտների նման հաճախակի փախչում են դասերից:
Մի տարբերությամբ, որ այստեղ դաս ասվածը վերաբերում է քաղաքացիների հուսալի ապագային, և եթե աշակերտի բացակայությունից տուժում է միայն ինքը` աշակերտը, ապա այստեղ պատգամավորի բացակայությունից կարող է տուժել մի ողջ հասարակություն:
Երեկ էլ կամակոր աշակերտի կարգավիճակում խորհրդարանական ընդդիմությունն էր: Բյուջեի կատարողականի վերաբերյալ լսումները երեկ անցնում էին ոչ այնքան լի դահլիճում, քանի որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից քննարկումներին մասնակցում էին ընդամենը 3 ուժեր, իսկ ավելի կոնկրետ՝ 8 պատգամավոր:
Ամբողջ տարվա ընթացքում ընդդիմությունն ԱԺ ամբիոնն ու բոլոր հնարավոր բարձրախոսերը հանգսիտ չի թողնում` քննադատելով իշխանություններին՝ բյուջեի սխալ կառավարման և անկարևոր ծախսեր անելու համար, իսկ բյուջեի քննարկումներին փաստացի անգամ ցանկություն չունի մասնակցել:
Պատգամավորների նման «ակտիվությունն» ու խմբակցությունների ներկայացվածությունը տեսնելով` կարելի է ասել, որ իրականում ոչ մեկին ո՛չ բյուջեի կատարողականն է հետաքրքրում, ո՛չ ԱԺ-ն, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ մեծ հաշվով պետությունը: Այլապես ընդդիմադիր պատգամավորները գոնե ցանկություն կունենային ծանոթանալ բյուջեի կատարողականին: