Եվրատեսիլ երգի մրցույթում կայացավ երկրորդ կիսաեզրափակիչը։ Եվս 10 պետություն իրենց տեղն ամրագրեցին եզրափակչում ու դրանով սկիզբ դրեցին հիմնական շոուի մեկնարկին։ Ինչպես առաջին կիսաեզրափակչում, այնպես էլ երեկ բեմում ոճային բազմազանություն էր։ Առաջարկում եմ հետևել ու ծանոթանալ երկրորդ կիսաեզրափակչի նորաձևության վերլուծությանը։
Սկսենք հաղորդավարներից ու անցնենք առաջ.
Արաբելան, Միրիամն ու Ալիսը փորձել էին շատ ուշադրություն չգրավել։ Կրելով չափազանց պարզ հագուստ՝ նրանք ուղղակի փայլում էին։ Իրենց պարզությամբ նրանք երևի ցանկանում էին Եվրոպայի «ձեռքը» պահել երաժշտական զարկերակի վրա։
Մրցույթի չորրորդ հաղորդավարուհին՝ բոլորի կողմից «սիրված» ու քննարկված Կոնչիտա Վյուրսթը, կրկին սկանդալային էր։ Տղամա՞րդ, թե՞ կին։ Ամեն դեպքում նրան նայելիս այս հարցն էր առաջանում։ Մորուքով թագուհին ողջ երկրորդ կիսաեզրափակիչը վարեց նույն հագուստով, որը մի կողմից հիշեցնում էր դասական կոստյում տղամարդու համար, իսկ մյուս կողմից՝ կնոջը հարմար էլեգանտ կոմբինիզոն։ Իր քարոզարշավը փաստորեն նա շարունակեց նաև այս տարի։ Ձախ կողմում, որտեղ նրա տղամարդկային տեսքն էր, նրա մազերը կարճ էին, իսկ աջում՝ գեղեցիկ հարդարված։
Մրցութային մասի մեկնարկը տվեցին Լիտվայի ներկայացուցիչները։ Բեմում համբուրված զույգից Վաիդասը կրում էր գեղեցիկ, բաց երկնագույն կոստյում, որը նրան փայլ էր հաղորդում։ Մոնիկայի հագուստն անհասկանալի էր և հիշեցնում էր թեփուկավոր ինչ-որ բան։
Պորտուգալիայի ներկայացուցիչ Լեոնոր Անդրադեն չանցավ եզրափակիչ, սակայն նրան դեռ երկար կհիշեն։ Երգչուհին համադրել էր ռոքային տաբատը երկար հագուստի հետ, որը նրան առանձնացնում էր մյուս մասնակիցներից։
Իր երգին ու ձայնին համապատասխան հագուստ էր կրում Մալթայի ներկայացուցիչ Էմբերը։ Երկար գեղեցիկ երեկոյան զգեստ՝ արտահայտիչ լանջաբացվածքով։
Տղաներից հետաքրքիր տեսք ուներ Շվեդիայի ներկայացուցիչը, ով համադրել էր գեղեցիկ սվիտերը կաշվե տաբատի հետ, ինչպես նաև Ադրբեջանի ներկայացուցիչը, ով ջինսի ու սպիտակ շապիկի հետ կրում էր երկար վերարկու։
Երեկոն, կարելի է ասել, կրկին դասական էր։ Հաճախ էին հանդիպում դասական հագուստով ներկայացուցիչներ, ինչպես, ասենք, Նորվեգիայինն էր, Չեխիայինը կամ Լիտվայինը։
Երեկոյի 3 վատագույն «տեսքերն» են ճանաչվել Իսլանդիայի, Սան-Մարինոյի և Մալթայի երգչուհիները։