Վաղուց եմ մտմտում ֆեյսբուքյան տարատեսակ գզվռտոցների և տարաբնույթ անպտուղ քննարկումների փոխարեն մեր պետությանն սպառնացող վտանգների վերաբերյալ լուրջ քննարկումներ ծավալելու և լրագրողական հետաքննություններ վարելու մասին: Երբեմն այսօրեական հետաքրքրությունների մեջ կորչում են կարևորագույն, անգամ ստրատեգիական խնդիրներ, որոնք մեր անտարբերության պայմաններում մարդկային ողբերգություններ են ծնում:
Նմանատիպ լրջագույն, ազգային անվտանգությանն սպառնացող խնդիր է Հայաստանում դոնորական արյան խիստ սակավությունը, որի վերաբերյալ փորձել եմ որոշակի ուսումնասիրություններ կատարել: Մասնավորապես՝ խնդրել եմ Արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին իրավիճակի վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն, ինչը նույնպես կներկայացնեմ ձեր դատին և կփորձեմ տեղեկատվական տարբեր միջոցներով նպաստել այս կարևոր խնդրի լուծմանը:
Հայաստանում կա արյունատվության խիստ պակաս: Ըստ իմ ունեցած տվյալների` տարեկան Հայաստանում 60000 միավոր արյունատվություն է պահանջվում` Հայաստանում փոխներարկման խնդիրները լուծելու համար, մինչդեռ առկա է ընդամենը 10000 միավոր արյունատվություն:
Արյունը չունի համարժեք փոխարինող, այդ միջոցի միակ աղբյուրը մարդն է` դոնորը, որը, նվիրելով իր արյունը, կյանք է պարգևում հիվանդին: Հայաստանում անվարձահատույց դոնորները կազմում են արյան դոնորների ընդամենը 5%-ը: Տարեկան գրանցվում է առաջնային չարորակ ուռուցքով հիվանդ 80-90 երեխա: Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը (լեյկեմիա): Մանկական ուռուցքաբանության բաժանմունք տարեկան ընդունվում է 200-ից ավելի երեխա:
Հայտնի է, որ արյան ներկրումը ՀՀ տարածք արգելված է, իսկ առկա ռեսուրսները շուրջ 6 անգամ պակաս են պահանջարկից: Ինչպե՞ս են ոլորտի պատասխանատուները փորձում լուծել արյան դեֆիցիտի խնդիրը Հայաստանում, անհայտ է: Ակնհայտ է, չէ՞, որ արյան դեֆիցիտն ազգային անվտանգությանն սպառնացող լրջագույն խնդիր է: Ժամանակը չէ՞ արդյոք, թեկուզ և տարատեսակ արգելքներ և ֆիլտրեր կիրառելով, թույլատրել արյան ներկրումը Հայաստան: Երբևէ քայլեր ձեռնարկվե՞լ են խնդրի լուծման համար` նույնպես անհայտ է: Մինչդեռ խնդիրը հրատապ է և դանդաղ գործելու շանսեր չի տալիս:
Ես չգիտեմ, թե որքան մարդ է տարեկան մահանում Հայաստանում արյան բացակայության կամ դեֆիցիտի պատճառով: Բայց որ այդ թիվը պատկառելի է` կասկած չկա: Եթե մեր ներքին ռեսուսը չի բավարարում խնդիրը լուծելու համար, կառավարությունը պետք է գնա թեկուզ և ռիսկային որոշումների: Չէ՞ որ հապաղման ամեն մի ժամը մարդկանց կյանքեր է արժենում...
Սա իսկապես լուրջ խնդիր է, և ես կցանկանայի, որ այս հարցը քննարկվեր թե՛ պատասխանատու գերատեսչությունների, թե՛ հասարակության լայն շերտերի, թե՛ մասնագետների մակարդակով...