ԷՍ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻՆ» ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՈ՞ՒԽ ԵՔ ՏԱԼԻՍ, ԱՅ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՂԵՐ։

«Օրենքով գողերը» եղած տեղից են տանում, իսկ պետականները՝ չեղած տեղից։
Հայաստանը վերածվել է մի առեղծվածային երկրի, որտեղ նույնիսկ «օրենքով գողերը» պահի տակ, իրենց լեզվով ասած, «ռամզերը խառում են»: Նրանց մոտ երևի երբեմն հարց է առաջանում՝ ո՞վ է այս երկրին ավելի մեծ վնաս պատճառում՝ իրե՞նք, թե՞ պետական որոշ բարձրաստիճան այրեր:
Մենք, չգիտես թե ինչու, հակված էինք այն մտքին, որ Վանո Սիրադեղյանը ջարդել է բոլոր «օրենքով գեղերի» մեջքը, և նրանք Վանո Սիրադեղյանի աննախադեպ գործողությունների պատճառով ճարահատյալ լքել են երկիրը:
Ի տարբերություն պետական գողերի՝ «Օրենքով գողերն» ունեն մի յուրահատկություն: Նրանց «պալոժ» չի բարդություններից փախնելը: Իհարկե, խոսքն իսկական «օրենքով գողերի» մասին է, այլ ոչ թե նրանց, ովքեր նույնիսկ մեկ օր իրենց կյանքը գաղութում չեն անցկացրել:
Գողերի, այն տարիների Հայաստանը լքելը, պայմանավորված էր զուտ մեկ հանգամանքով. Երկիրը պատերազմական վիճակում էր, և այստեղից նրանք ոչ մի սպասելիք չունեին: Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ են վերջիններս հիմա փորձում արմատներ գցել (որի վառ ապացույցն է ամիսներ առաջ Հայաստանում կայացած գողերի հավաքը և ընդհանրապես, իրենց լեզվով ասած, «ռազբորկաների» հաճախականությունը), չէ՞ որ այսօրվա աղքատ Հայաստանն իր կենսամակարդակով գրեթե չի տարբերվում «այն օրերի» Հայաստանից: Իհարկե կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ այն ժամանակ խանութներում ոչինչ չկար, իսկ հիմա ամեն ինչ կա, մոռանալով, որ խանութներում, ինչ խոսք, ամեն ինչ կա, բայց դրանք ձեռք բերելու համար ժողովրդի ձեռքին փող չկա:
Եվ այսպես. ինչո՞ւ են վերջին ժամանակներս այդքան ակտիվացել գողերը, թաղային հեղինակությունները և ընդհանրապես նրանք, ում համար Օրենք ասածը լոկ բառ է: Դժվար է այս հարցին միանշանակ պատասխանելը, քանզի այն մի շարք հանգամանքներից է կախված, որոնցից մեկն այն է, որ այսօրվա Հայաստանում կան շատ պետական այրեր, ովքեր ոչ թե խուսափում են վերոնշյալ անձնավորությունների հետ մտերմանալուց, այլ ընդհակառակը՝ երազում են նրանց հետ համատեղ ծրագրեր իրականացնել:
Խոսքս վերջացնեմ հարցի տեսքով. իրականում ովքե՞ր են հանրության համար ավելի վտանգավոր «օրենքով գողե՞րը», ովքեր առանց «պադերժկայի» դժվար թե տնավորվեին Հայաստանում, թե՞ նրանք, ովքեր իրենց հուշումներով նրանց «նավոդկա» են տալիս, որ Հայաստանում թալանելու որոշ բաներ դեռ մնացել են:
Իհարկե, ընթերցողները կունենան իրենց պատասխանների տարբերակները, բայց ես ասեմ իմ տարբերակը. «Օրենքով գողերը» դեռ շատ բան ունեն սովորելու մեր պետական որոշ այրերից, քանզի «գողերն» ունեն մի սկզբունք՝ տանել եղած տեղից, իսկ վերջիններս տանում են նաև չեղած տեղից:
Հ.Գ. Այսպիսով, հանրության առաջ դրված է մի մեծ խնդիր. պատերազմ հայտարարել երկու տիպի գողերին՝ պետական և «օրենքով», իսկ թե ում է պետք առաջնությունը տալ, ինձ թվում է, հասկանալի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել