ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի կալանավորումը սառը ցնցուղ էր հասարակության համար: Վերջին շրջանում, իհարկե, մի տեսակ օրինաչափ են դառնում քաղաքականությունն ու կրիմինալը շփոթող քաղաքական գործիչների կամ իրենց ամենազոր համարող գործարարների ձերբակալությունները կամ նրանց բիզնեսներում հարկային ստուգումները` անկախ կուսակցական պատկանելությունից:
Տիկին Ենքոյանը, ինչպես արդեն նշեցինք, նախկին պատգամավոր է, գործարար, ու ձերբակալությունն էլ, ըստ լուրերի, կապված է նախկին կուսակցի` Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու հետ:

Կարելի է ասել` իրար դեմ են դուրս եկել համարժեք ուժեր: Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի կամ նրա մերձավորների անունը ժամանակ առ ժամանակ շրջանառվում է տարբեր քրեածին պատմությունների հետ: Գոհար Ենոքյանի եղբայրն էլ ձերբակալվել է վեց ամիս առաջ` կրկին Յուվեցի Կարոյի հետ ունեցած ֆինանսական խնդիրների արդյունքում: Գոհար Ենոքյանի կալանավորումն այնքանով էր անսովոր, որ տիկինը 74 տարեկան է և, ինչպես պնդում են որոշ աղբյուրներ, պետական մակարդակի «լուրջ վաստակ» ունի, ներկայում էլ առողջական խնդիրներ ունի, իսկ մենք` հայերս, կնամեծար ենք: Հավանաբար հենց այս կետերից ելնելով` երեկ երեկոյան ազատ արձակեցին «վաստակաշատ» տիկնոջը:

Մի խոսքով` նեղվում ենք, երբ անպատիժ են մնում հանցանք գործած կամ դիրքը չարաշահած պաշտոնյաները կամ գործարարները, նույն կերպ նեղվում ենք, երբ իշխանությունները փորձում են սաստել կամ պատժել իրենց ամենակարող համարող տղամարդկանց, երբեմն նաև կանանց:

Առաջիկայում հավանաբար կողմերը կփորձեն բացահայտել, թե ով է ում հետևում կանգնած, ով է ում «կռիշը»: 
Ինչպես ժողովուրդն է ասում` այս «խմորը շատ ջուր կուզի», մյուս կողմից` նույն ժողովուրդն ասում է, թե «մախաթը պարկում չես թաքցնի»: Ժամանակը ցույց կտա` որտեղից այն դուրս կգա:
Իշխանական շրջանակներն իսկապես փորձում են պայքարել ապապետական ցանկացած զեղծարարության դեմ` ամեն կերպ ջանալով պարզություն ու հստակություն մտցնել օրենքի դաշտում: Այս գործընթացն իրականում կունենա լուջ արդյունք, եթե այն շարունակական բնույթ կրի:
Վերջին շրջանում ուշագրավ ստուգումներ եղան Գարեգին Նուշիկյանի, ՀՀԿ-ականներ Հակոբ Հակոբյանի, Աշոտ Աղաբաբյանի բիզնեսներում: Այս և մնացյալ դեպքերում հասարակությունը սպասում է երկրի ղեկավարության կամքի դրսևորմանը, որպեսզի գործը հասցվի ավարտին:

ՀԳ. Երբ փողն ու ծանոթներն այլևս չեն օգնում, որոշ մարդիկ «դիմում են» Աստծուն, հավանաբար սա է պատճառը, որ նախկին կուսակից ընկերները երեկ միմյանց մեղադրեցին, ինչպես և սպասվում էր, հետո, երևի սրտի խորքում նաև չվստահելով Հայաստանի արդարադատության համակարգին, իրար փոխադարձ կոչ արեցին Աստծուց վախենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել