1in.am-ը գրում է.
Վրաստանի կառավարության նախկին փոխվարչապետ Թեմուր Բասիլիան, որը մի քանի տարի առաջ ԱՄՆ փախավ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմի հետապնդումներից, այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնում Սաակաշվիլիի նախագահության շրջանի հանցագործություններին նվիրված հատուկ համաժողով է տեղի ունեցել: Այս մասին նա ասել է reportiori.ge-ին տված հարցազրույցում:
«Հատուկ համաժողովն անցկացվել է ԱՄՆ Պետդեպի ֆինանսական աջակցությամբ,- ասել է Բասիլիան:- Այդ ֆորումի ժամանակ ամենաազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ Freedom House-ի ներկայացուցիչն ասել է, որ Վրաստանի իշխանությունները չպետք է ձգձգեն արդարության վերականգնման գործընթացը, քանի որ դա հակաբարոյական է»:
«Ցավոք, Վրաստանի ներկայիս իշխանությունները քիչ բան են արել նախկին ռեժիմից տուժած քաղաքացիների պատվի և արժանապատվության վերականգնման ուղղությամբ, քիչ բան են արել նրանց համար, ովքեր հետապնդվել են քաղաքական կամ այլ դրդապատճառներով, ումից խլել են բիզնեսը»,- ասել է նախկին փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ մինչև հիմա ազատության մեջ են նախկին ռեժիմի շատ ճարտարապետներ, քանի որ գլխավոր դատախազությունը «անլուրջ և ոչ պրոֆեսիոնալ է վարում նրանց դեմ գործերը»:
«Սաակաշվիլին ինձ շանտաժ էր անում, սպառնում, շորթումով զբաղվում»,- ասել է նա այն պատճառների մասին, որոնք իրեն ստիպել են ԱՄՆ-ում ապաստանել: