Այսօր ԵԽԽՎ-ում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Հելսինկյան կոմիտեի և Մարդու Իրավունքների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էին լսումներ՝ «Ադրբեջանի քաղաքական բանտարկյալները» թեմայով։ ԵԽԽՎ-ում կազմակերպված նման լրջագույն լսումներին ԵԽ անդամ որևէ երկրի պատգամավոր, այդ թվում նաև ադրբեջանական պատվիրակության որևէ պատգամավոր ներկա չէր։ Լսումներին հրավիրված էր ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա և Արիֆ Յունուսուֆների դուստրը, ով պատմեց իր ծնողների հանդեպ Ադրբեջանում իրականացվող բռնությունների մասին։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են նաև Ադրբեջանում բազմաթիվ այլ քաղբանտարկյալների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Մարդու իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի նախագահ Սուայր Բելհասենն առաջարկել է ԵԽԽՎ-ում անել հնարավորը՝ ադրբեջանական պատվիրակության իրավասությունները դադարացնելու համար։ «Խավիարային դիվանագիտություն» հայտնի վերլուծության հեղինակներից մեկը ևս առաջարկել է ԵԽԽՎ-ում հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնելու և քննարկելու համար։ Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմայով քննարկման ժամանակ խոսել է նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ասել է՝ «Հարգելի գործընկերներ, այսօր այստեղ քննարկվում է լրջագույն մի հարց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։ Եվ նման կարևորագույն հարցի քննարկմանը ներկա չեն ոչ միայն ադրբեջանական պատվիրակության անդամները, այլև այս հարցը, պարզվեց, չի հետաքրքրում նաև եվրոպական որևէ երկրի ազգային պատվիրակության գեթ մեկ պատգամավորի։ Մինչդեռ եվրոպացիներից որևէ մեկը ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում խոսելու մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է մեկ բան՝ սա՛ է Եվրոպայի Խորհրդի իրական ժողովրդավարական դեմքը՝ կեղծ ժողովրդավարական դեմքը։ Ես այլևս ավելացնելու ոչինչ չունեմ»։
Իսկ արդեն լիագումար նիստի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը նույն հարցն ուղղել է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ ասելով, որ այսօր գրեթե դատարկ դահլիճում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի քննարկումը խոսում է ԵԽ-ի՝ որպես երեսպաշտ կառույցի իրական դեմքի մասին։ Ի պատասխան հայ պատգամավորի՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է. «Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, ես չեմ կարող մեկնաբանել։ Սակայն դուք գիտեք, որ մենք ստեղծել ենք հատուկ հանձնաժողով՝ այդ հարցը քննարկելու համար։ Եվ Վենետիկի հանձնաժողովի հետ ևս աշխատում ենք ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք գործողությունների ծրագիր Ադրբեջանի հետ կապված՝ չնայած մենք ևս այսօրվա քննարկմանը ներկա չենք եղել»։