Երևի իրոք, որ մենք՝ հայերս, այնքան փոքր ենք, որ իսկապես վախենում ենք ազատվել Ռուսաստանի «հայրական հոգատարությունից և պաշտպանությունից» և հարյուրամյակներ հավատացել ենք ձևավորված և մեզ բթած այն «առասպելին», թե առանց ռուսի մենք պարզապես կոչնչանայինք և, ի դեպ, Վրաստանը հերքեց այդ «առասպելը»՝ պարզապես «պասլատ» անելով «իվանին»: Ոհ, մի՞թե Վրաստանը համարձակվեց ընտրություն կատարել: Այս ազգը ապացուցեց, որ նա կարող է թելադրող լինել և Կովկասյան տարածաշրջանում, գրեթե բոլոր ոլորտներում դառնալ առաջատար: Ասենք ոչինչ, որ սիրեկան փոխելը թարմություն էր նրանց համար, թերևս ազատվեցին հարբեցող ու բռնացող սիրեկանից: Կարծո՞ւմ եք՝ մեր երկրին փոփոխություն պետք չի, թե՞ մենք «օդնալյուբ» ենք: Եվ ներելի է, որ նրանք ինչ-ինչ հարցերում դեռ կաղում են և մեզանից հետ են մնում:
Մենք, որ հազարամյակներ պարծենում ենք մեր ազգ լինելով, «ալկաշ» իվանին քոծ պահելով, ծույլ վրացուն «մարդ» դարձնելով, կառուցելով Բաքուն և Բաքվի նավթահանքերը, աշխարհին քաղաքականություն սովորեցնելով և այլն, հիմա ուրիշներից սովորելու բան ունեցանք, բայց, չգիտես ինչու, մենք նման ենք այն աշակերտներին, ում պարզապես դեբիլացնում են մեր հանրապետության դպրոցներում, ճագարի նման ենթարկելով «գիտական» փորձարկումների:
Հիմա մի ամբողջ ազգ, ով ազատության տենչանք ունի, պարզապես գերի է ստրկամիտ քաղաքական գործիչներին և կուրությամբ հավատում է իրեն հրամցրած «քաղաքական ուղղության» լուսավոր ապագային: Երբ կայանալու այս ճանապարհն անցնում ենք այսքան դանդաղ, ապա սարսափելին այն կլինի, որ հանկարծ պարզվի, որ մի մեծ ժամանակագրական և քաղաքական շրջան ենք գծել, անցել այն ու նորից վերադարձել ենք սկզբնակետ, որտեղից սկսել էինք, և այդ ամենը պարզապես զուր է եղել: Թեև, իմ մեջ մենամարտում են հույսն ու իրականությունը: Հույսը, որ պատահականության բերումով մենք կարող ենք պարզապես շեղվել (քանի որ չեմ հավատում ներկայիս ոչ մի քաղաքական կուսակցության և ոչ էլ գործչի) և «բախտի բերմամբ» հայտնվել այնտեղ, որտեղ մենք երազում էինք լինել և իրականությունը, որի վերլուծությունը պարզապես աղաղակում է սարսափելի հետևանքներին՝ անխուսափելիորեն բախվելու փաստի առկայության մասին:
Մի՞թե հետաքրքիր չէ, թե ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը ունենար Վրաստանի ամորձիները:
Մի՞թե մի քանի ամսից այս ազգը նորից պիտի հաստատի իր կուրությունը, նախագահական ընտրություններին՝ ձայն տալով «անհաջողակ» թեկնածուին, ով նորից «իվանին» հաստատելու է իր հեզ և հլու վասալությունը ու նորից նրա կարգախոսների ներքո գլխիկոր քայլելու է դեպի իրեն առաջարկվող խավար և դանդաղ անկումն ու ոչնչացումը:
Ամենից զատ՝ ձգեք ձեր գոտիները. առջևում երկար ձմեռ է սպասվում: