Interpress.am-ը գրում է.
Ես ունեմ հայ մանկահասակ երևակայական քույր: Իրականում նա նաև ձեր քույրն է, քանի որ նույն կերպ բոլորս կրում ենք 8-ամյա երեխայի երևակայական պատկերը, որը, գտնվելով Սիրիայում, անցած մի քանի տարիներին վախենում է իր կյանքի համար: Վերջ ի վերջո բոլորս էլ մարդ ենք:
Իմ հայ մանկահասակ երևակայական քույրը 4 տարեկան է, շատ է խոսում, հեշտությամբ շեղվում է, իմ առջև, օրինակ, չի սիրում քաղցրավենիք ուտել, ինձ հետ կապ չունեցող պատճառներով նա մահացել է 1916-ին: Ոչ ոք նրան չի գնդակահարել, նրա ծնողներին սպանել են, ու նա պարզապես մնացել է առանց ուտելիքի, խնամքի ու պատշաճ ապաստանի: Նա պարզապես դրանից մահացել է: Որքան էլ որ փորձում եմ, որքան էլ որ ունեմ դրա կարիքը, չեմ կարողանում ուշքի գալ նրա մահից ու տառապանքներից: Ես պետք է հիշեմ նրան, հարգեմ նրա հիշատակը, կյանքը և մահը: Ես նաև պետք է հոգ տանեմ նրա նկատմամբ, կամ էլ գիտակցաբար անտեսեմ:
Խնդիրն այն է, որ ես պարզապես չգիտեմ, թե որտեղ սգամ նրա մահը, քանի որ իմ երևակայական հայ երեխան անընդհատ է մահանում՝ կրկին ու կրկին: Մենք ու մեր հայ քույրերը մնացել ենք 1915-1916 թվականներում: Թուրքական ժխտողականությունը (և դրան օգնողները) նրան, բայց նաև մեզ թույլ չեն տալիս հանգստանալ: (Պարզապես նայեք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքի վերևի հատվածին):
Թուրքական ժխտողականությունն ասում է. «Նա, հնարավոր է, չի մահացել, հնարավոր է և մահացել է, բայց դա հենց նրա մեղքն էր, քանի որ հայերը բացահայտ ապստամբել էին պետության դեմ»:
Շատ հետաքրքիր պատերազմ է ստացվում, որտեղ 4-ամյա երեխաներն ու ծերերը սպառնում էին ժամանակին հզոր կայսրության գոյությանը, և հենց դա թույլ չտալու համար նրանց սպանելը շատ էլ նորմալ երևույթ է ու տեղավորվում է «ինքնապաշտպանության» մեջ: Հենց այստեղ մենք արդեն տեսնում ենք ժխտողականության հետ բանավիճելու անիմաստությունը: Խոսքը չի գնում, ժամանակակից ռազմական լեզվով ասած, «զուգորդված վնասի» մասին:
Ոչ, իմ հայ քույրը իր մյուս քույրերի, եղբայրների, պապիկների ու տատիկների հետ արտաքսվել է այնպես, որ ի վերջո մահանա: Ես տեսնում եմ նրան գերմանացի գրող ու Օսմանյան կայսրությունում դաշտային նախկին բժիշկ Արմին Ուեգների հայտնի նկարում, որն այսօր Հայոց Ցեղասպանության խորհրդանշական լուսանկարներից մեկն է: Ես լսում եմ այս ահագնացող ձայները, որոնք ինձ ասում են, որ շատ նորմալ է իմ հայ մանկահասակ քրոջը սպանելը…
Որպես պատմաբան, որն աշխատում է Առաջին աշխարհամարտի տարիներին և 1920-ականներին Հայոց Ցեղասպանության և դրա շուրջ քննարկումների վրա` ես պարզապես չեմ կարող ընկալել, որ 100 տարի անց առաջընթացն այսքան փոքր է, փաստացի, նրանք պարբերաբար հետքայլ են կատարում:
Սրա բացահայտ ապացույցն այս շաբաթ արտահայտվեց մի զույգ մարդկանցով, որոնց դժվար թե որևէ երևույթ կարող է միավորել. Ֆրանցիսկոս պապն ու Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան լայն լուսաբանման արժանացավ ու գնահատվեց «PR աղետ Թուրքիայի համար», ինչը ցույց է տալիս, որ անցած դարի ընթացքում ինչ-որ բան սարսափելիորեն սխալ է առաջ ընթացել:
Ճանաչման հաղթանակը նշելու փոխարեն, մարդիկ հարց են տալիս, թե ինչու էր Վատիկանն այսքան սպասում, ինչու էր հանձնվել ժխտողականությանը երկար տասնամյակներ և ինչու էր դա մոռացված: Մյուս կողմից, դրանից առաջ Հայոց Ցեղասպանության իրազեկման հարցով զբաղվում էր Քիմ Քարդաշյանը` բարոյական հարցը բարձրացնելով Վատիկանից առաջ: Մենք` Քարդաշյանները, ես, իմ հայ քույրը, աշխարհը և ժխտողները, երկար ժամանակ է խաղում ենք այս ընդունել-չընդունել այլանդակ խաղը: Չափից ավելի երկար ժամանակ:
«Հայոց Ցեղասպանությունը պատմության մի կտորն է, որին թույլ չեն տվել մնալ պատմություն: Այն շարունակաբար թափանցում է ներկայի մեջ և չի կարողանում գտնել իր պատմական հանգստությունը»:
Պատկերացրեք Գերմանիան 1920-ականներին, որտեղ մի պահ լայնորեն տարածված էր մի ամբողջական «ազգի սպանության» պնդումը, որն իրականացրել էր Օսմանյան վերնախավը Առաջին աշխարհամարտի տարիներին: Հայոց Ցեղասպանության մասին գրված է գերմանական դիվանագիտական փաստաթղթերում, որոնք հրապարակվել են 1919 թվականին: Հետագայում հրապարակվել է դրանց ավելի ընդգրկուն տարբերակը, և այսօր հասանելի են դրանց անգլերեն, նաև օնլայն տարբերակները:
Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակցի դիվանագիտական միայն այդ փաստաթղթերն արդեն անհնար են դարձնում «G» բառի չօգտագործումը: Վերադառնանք 1920-ականներ: Դիվանագիտական այս փաստաթղթերը լայնորեն քննարկման են արժանացել: Շատ փորձագետներ գրել են իրենց դիտարկումները, որոնք հրապարակվել են թերթերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ