Կեղծ ու դատարկ խոսքերով մի՛ փորձեք հիասթափեցնել կամ ձեզ հարմար տրամադրություններ ստեղծել մարդկանց մոտ: Սրանք միմիայն կարող են խոչընդոտներ առաջացնել այն ճանապարհին, որի համար իբր մտահոգվելով դուք արտահայտվում եք:

Հիասթափվելու, կոտրվելու, չդիմանալու, կռանալու ու սողալով ապրելու պատրաստակամության մասին հայտարարելուց առաջ մտածեք այն մարդկանց մասին, որոնք ինչ-ինչ պատճառներով ձեզ վստահում են: Հիշե՛ք, որ ոչ մեկը երաշխավորված չէ հիասթափությունից, որովհետև ռեժիմի դեմ պայքարը իսկապես երբեմն դաժան, երկարատև և հյուծող պրոցես է: Եվ, իհարկե, լինում են մարդիկ, որոնք չեն դիմանում ռեժիմի ճնշումներին կամ տարատեսակ գայթակղություններին...

Բայց հիասթափություն քարոզելը ստորագույն քայլ է: Ստորագույն քայլ է թե՛ քեզ վստահողների նկատամամբ, թե՛ զինակիցներիդ նկատմամբ, որոնք չեն թողնում մարտի դաշտը և չնայած քո դասալքության՝ շարունակում են պայքարել: 

Եվ լավ կլիներ, որ Կոնգրեսին մեղադրելուց, Կոնգրեսին փնովելուց ու ընդհանրապես հրապարակային կոնգրեսացավով տառապելուց առաջ ասեիք, թե ի՞նչ նկատի ունեք Կոնգրես ասելով, ի՞նչ դիրք եք դու՛ք ունեցել կամ ունեք Կոնգրեսում, և ի՞նչով ու ինչքանո՞վ եք դու՛ք նպաստել կամ նպաստում Կոնգրեսի ուժեղացմանը, ինչպես նաև՝ թե ե՞րբ եք դուք, որ մեղադրում եք Կոնգրեսին սեփական սխալները չընդունելու մեջ, զբաղվել ինքնաքննադատությամբ, և որո՞նք են ձե՛ր գործած սխալները... Անկեղծ եղեք...

Կոնգրեսը 2008-ին Ազատության հրապարակում ժողովրդի «Պայքա՛ ր, պայքա՛ ր մինչև վե՛ րջ» երդման ծնունդն է: Կոնգրեսը Ես եմ, Կոնգրեսը մեզանից յուրաքանչյուրն է: Ուստի` հիասթափվելով Կոնգրեսից ու կասկածելով նրա ապագայի մեջ` կհիասթափվեմ ինձնից ու իմ ապագայից:

Քանի դեռ կամ ես, կա Կոնգրեսը, կա մինչև վերջ պայքարելու երդումը: Ոչ մի դեպքում չեմ դադարելու իմ երկրի լուսավոր ապագային հասնելու ճանապարհներ փնտրելուց և դրանք հետևողականորեն իրականացնելուց: 

Կոչ եմ անում. կա՛մ Կոնգրեսի հետ լծվե՛ք Երազանքների Հայաստանի կերտմանը, կա՛մ մի՛ խոչընդոտեք Կոնգրեսին դատարկախոսություններով:

Արեգ Գևորգյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել