Բարև, հարգելի՛ ընթերցող, հոկտեմբեր ամիսը կրճատվեց ևս մեկ օրով, որը, սակայն, որևէ էական բարեփոխումների ու առաջընթացի հետք չթողեց:
Այսօր գրանցվել է մեկ արտակարգ դեպք Շենգավիթ համայնքի 12-րդ փողոցի թիվ 24 տանը:  Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել է 20:13-ին: Այրվել է Մ. Ավետիսյանին պատկանող տան սենյակը՝ գույքով (20 քմ):

Ինչպես երեկ, այսօր էլ հիմնականում կանդրադառնամ ԱԺ պատգամավորների ելույթներին ու տարբեր լրատվական միջոցներում արված հայտարարություններին: 

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր իր ելույթի ժամանակ անհանգստություն հայտնեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ: 10 օր առաջ Տավուշի Գետահովիտ և Ենոքավան համայնքների բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել բնապահպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում էին, որպեսզի դադարեցվեն ՓՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, քանի որ դրա շահագործումը վտանգավոր է ձկների համար (կարմրախայտն արդեն վերացել է): Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ի պատասխան Զարուհի Փոստանջյանի մտահոգությանը, նշեց. «Խաչաղբյուր-2»-ի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել, որն առաջարկություններ է ներկայացնելու: Պարզվել է, որ տեղի են ունեցել նախագծային շեղումներ, և խախտումներ իրականացողները կպատժվեն:

Այսօր ԱԺ նիստի ժամանակ հարցադրումներից զերծ չմնաց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն Լևոն Զուրաբյանի՝ վարչապետին ուղղված հարցին պատասխանեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մարտիրոսյանը: Լևոն Զուրաբյանն իր հարցադրման մեջ նշեց. 

  -Ճի՞շտ է, որ ռուսական գազի դիմաց ՀՀ-ն վճարում է 240 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, սակայն այդ մասին չի հրապարակվում՝ նախագահական ընտրություններից առաջ ցնցումներից խուսափելու համար, կամ էլ միտում կա բեռը թողնել հաջորդ նախագահի վրա, իսկ հրապարակային 180 դոլարի հետ տարբերությունը փոխհատուցվելու է բաժնեմասի վաճառքից նախատեսված 20 մլրդ դրամով:

Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել, և հիմա սխալ կլինի որևէ հայտարարությամբ հանդես գալ: Հավելեց նաև, որ բանակցություններն ավարտվելուն պես տեղյակ կպահեն հանրությանը արդյունքների մասին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ հայտարարություններով ոչ այնքան աչքի ընկնող, հանրությանը քիչ ծանոթ, բայց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա իր հայտարարությամբ պատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կառաջադրի առանձին թեկնածու, թե կսատարի որևէ մեկին: Ա. Սուքիասյանը նշեց, որ ԲՀԿ-ն ստորագրել է ՀՀԿ-ի առաջադրած նախագահին սատարելու մասին փաստաթուղթ, և հավելեց, որ դրանից բացի այլ պաշտոնական հայտարարություն չի արվել: Այս հայտարարության վերաբերյալ մեր բոլորի տարակուսանքները առայժմ չեն կարող վերանալ, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացակայում է հանրապետությունից (նա գտնվում է Դուբայում) և դեռևս մտադիր չէ հանդես գալ որևէ հայտարարությամբ:
Այսօր ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, իսկ հետո նաև ԱԺ նախագահ՝ Հ. Աբրահամյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ իր ապաքինումն է շարունակում բեմի և կինոյի վարպետը: Միանալով մի շարք քաղաքական գործիչների, արվեստագետների և հայ հասարակության շնորհավորանքներին՝ ես նույնպես շնորհավորում եմ Սոս Սարգսյանին՝ մաղթելով քաջառողջություն և ժողովրդական արտիստին վայել երկար տարիների  կյանք:
Այսօրվա համար նախատեսել էի այսքանը և կփորձեմ ամեն օրվա վերջում տեղեկացնել ձեզ օրվա ընթացքում տեղի ունեցած  իրադարձություններից շատերին:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել