Ճապոնական մաֆիան կոչվում է Յակուձա: Յակուձայի կազմակերպությունները իրենց մուտքի դռանը կլանի անունով փայտե ցուցանակ են կախում: Նրա անդամները հագնում են վառ գույնի կոստյումներ, կրում արեւային ակնոց, մարմնին խորհրդանշական դաջվածքներ անում: Անցած շաբաթ լուր տարածվեց, թե Ճապոնիայի արդարադատության նախարար 74-ամյա Կեյսյու Տանական կապեր է ունեցել Յակուձայի հետ: Նախարարը խոստովանեց, որ 30 տարի առաջ մասնակցել է մի հարսանիքի, որին մասնակցել են նաեւ Յակուձայի հանցագործ կազմակերպության անդամները: Մաֆիայի հետ կապերի բացահայտումը վնասեց նախարարի հեղինակությանը եւ վերջինս հրաժարական տվեց: Մեր նախարարներին նման ճակատագրական շրջադարձեր չեն սպառնում, այն պարզ պատճառով, որ մեր երկրում մաֆիա խաղացողները չափից շատ են: Մեր քաղաքացիների մի մասը մաֆիային վերաբերվում են որպես ուրախ ժամանցային խաղ: Իսկ մյուսները վառվռուն կոստյումներ են հագնում, անձրեւային եղանակին արեւային ակնոց կրում եւ կուբիստական դեմք ընդունելով ձեւացնում, թե զուգահեռ հանցագործ աշխարհից են: Մարդկային հարաբերություններում ծագող վեճերը կարգավորելիս դրանք դիմում են ոչ թե դատարանների, այլ այսպես կոչված գողականների միջնորդությանը: Այսպիսով մեր հասարակության օրինապահ քաղաքացիների մի մասը ձեւացնում են, թե հանցագործ են, կամ եղել են: Այլ կերպ ասած` ձեւավորվում է սուտի գողականների հասարակական շերտ: Այս աննորմալ եւ առաջին հայացքից ծիծաղելի երեւույթը մանկական ձախության հիվանդության նման բան է, որից ոչ բոլորն են կարողանում խուսափել: Այն պսեւդոերեւույթ է, որը տարածում է անտարբերություն մեր երկրի օրակարգային խնդիրների նկատմամբ: Եվ քանի որ սուտի գողականը կեղծ ու անհեթեթ է, ապա դրան կարելի է վերաբերվել միմիայն հումորով: Հումորը` հումոր, սակայն փաստն այն է,որ մեր երկրում հանցագործների հետ բարեկամական կամ ընկերական կապեր ունենալը չի վնասում մարդու գործարար կամ հասարակական հեղինակությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/365958216825845
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել