Սիրելի՛ ընթերցող, ամփոփելով ամենօրյա քաղաքական-հասարակական իրադարձությունները՝ այսօր ևս փորձեցի առանձնացնել առավել ուշագրավ մի քանի նորություններ: 
Այսօրվա առավոտը, ի տարբերություն նախորդի, անցավ առանց հարբած երիտասարդների խաղիկների: Օրվա ընթացքում գրանցվեց միայն մեկ արտառոց դեպք. 43 համարի «Գազել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Սարալանջ և Տերյան փողոցների խաչմերուկում կողաշրջվել  և բախվել է «Պեժո 407» մակնիշի ավտոմեքենային: 9 ուղևորի շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նրանցից 8-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մեկը՝ Ս. Հակոբյանը, որի վիճակը գնահատվել է միջին ծանրության, տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
  Այսօր կրքերը թեժ էին հիմնականում Աժ-ում: Պատգամավորներից մի քանիսը՝ մասնավորապես ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե էնֆիաջյանը և Նաիրա Զոհրաբյանը, իրենց ելույթների ընթացքում խոսեցին ՀՀ-ի ոչ այնքան ժողովրդավարական լինելու փաստի մասին: Վ. Էնֆիաջյանն իր հերթին նշեց. «Ժողովրդավարական երկիր կառուցելը դժվար և երկարատև գործընթաց է: Պետք է ունենալ հստակ պատկերացումներ, թե մեր երկիրը ժողովրդավարության որ մոդելն է կիրառում, որը տանում է իրական ժողովրդավարության, թե ստեղծում է դրա իմիտացիան»: Մեջբերեց նաև միջազգային հետազոտական ինստիտուտներից մեկի՝ «Էքոնոմիստ Ինթելիջանս Յունիթ»-ի հետազոտության շնորհիվ հրապարակած տվյալները, ըստ որի՝ ՀՀ-ն ժողովրդավարական ցուցանիշով 167 երկրների շարքում գտնվում է 111-րդ հորիզոնականում, որտեղ մեր հարևաններն են Նիգերիայի և Բուռունդիայի հանրապետությունները՝ պարզաբանելով, որ դրա հիմնական պատճառը երկրում տեղի ունեցող քաղաքական-հասարակական գործընթացներն են, որոնք չեն նպաստում համամարդկային արժեքների ամրապնդմանն ու տարածմանը: Իսկ ահա Ն. Զոհրաբյանն իր ելույթում խոսեց Վ. Օսկանյանի գործի մասին՝ նշելով, որ այն կրում է քաղաքական ենթատեքստ: Ն. Զոհրաբյանը խոսեց նաև ԲՀԿ օրինագծերի՝ ԱԺ-ի կողմից մերժման մասին, որոնց մերժման պատճառաբանությունը հիմնականում եղել է «չի բխում ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության սկզբունքներից» ձևակերպմամբ: Իսկ ելույթի վերջում հավելեց, որ ԲՀԿ-ն շարունակելու է իր մշակած օրինագծերը ներկայացնել քննարկման:
    ԲՀԿ պատգամավորների փաստարկված, կարելի է ասել, բողոք-ելույթներից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ելույթում այնպես նկարագրեց ժողովրդավարութունը մեր երկրում, որ կարծես բրիտանական և ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտների հրապարակած տվյալներով մեր երկիրը իր ժողովրդավարությամբ ոչ թե գտնվում է 111-րդ տեղում, այլ 11-րդ: Մասնավորապես Է. Շարմազանովն ասաց. «Քաղաքական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ մեր երկիրը անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Այս փաստն իր՝ ԵԺԿ ելույթում հաստատեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը»:
Դե հիմա Շարմազանովի ելույթից հետո ամերիկացի և բրիտանացի գիտնակաները թող փորձեն էլի ինչ-որ արդյունքներ հրապարակել, միևնույնն է Ս. Սարգսյանը նրանց ամիսների գիտահետազոտական աշխատանքները կհերքի իր ելույթներում:
Վերջ դնելով Աժ-ի այսօրվա կրքերի մասին խոսելուն՝ անդրադառնամ մի հետաքրքիր և    ինչ-որ տեղ ուղեղումս չտեղավորվող փաստին: «Շանթ» ընկերության և «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը, որը հայտնի է նաև «Շանթի Յուրա» անունով, նոր «բիզնեսի զարգացման նախագիծ» է մշակել: Նա «Շանթ» ընկերության մատույցներում նույնանուն սուպերմարկետ է բացել և ստիպում է իր աշխատողներին գնումներ կատարել այնտեղից: Ամեն ամիս 100,000 դրամից ցածր վարձատրվող աշխատակիցների աշխատավարձից 10,000, իսկ 100,000-ից բարձ վարձատրվողների աշխատավարձից 20,000 դրամ փոխանցում է «Շանթ» գնումների քարտի վրա՝ սեփական մտքի թռիչքի  և նախաձեռնությամբ: Այդ քարտը  գործում է միայն   «Շանթ» սուպերմարկետում: Այսպիսով, տվյալ սուպերմարկետը ապահովված է ամսական ստաբիլ միլիոն դրամի հասնող եկամտով:  Այս դեպքի մասին մեկնաբանությունները թողնում եմ ձեր իսկ հայեցողությանը:
Այսօրվա համար առանձնացրել էի այսքանը: Շնորհակալ եմ մեր երկրի քաղաքական-հասարակական իրադարձություններին հետևելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել