Եվ այսպես, եղավ այն, ինչ վաղուց ակնկալվում էր. Հիմնադիր խորհրդարանով սկսեց ինտենսիվորեն զբաղվել ԱԱԾ-ն, ու այս րոպեներին ձերբակալվում են Հիմնադիր խորհրդարանի տարբեր անդամներ։ Ձերբակալված է նաև շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։
Եթե փորձենք ադեկվատ վերլուծել կատարվածն ու հասկանալ սրա նախադրյալները, ապա պետք է ասել, որ ցանկացած պարագայում սրանից մեծ ողբերգություն սարքել պետք չէ, որովհետև, նախևառաջ՝ Սեֆիլյանն ու իր հետևորդներն այս ընթացքում հենց իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի իրադարձություններն այսպիսի ընթացք ստանան, և երկրորդ՝ չեմ կարծում, որ Սեֆիլյանին ու իր հետևորդներին քաղբանտարկյալների ճակատագիր է սպասվում, ու ամենայն հավանականությամբ նրանց բաց կթողնեն Ապրիլի 24-ի հենց հաջորդ օրը։
ԱԱԾ-ն ընդամենը կանխարգելիչ միջոցառում է իրականացրել, քանզի մեկ անգամ չէ, որ Սեֆիլյանը կիսվել է ապրիլի 24-ի իր պլաններով։ Իհարկե ակնհայտ է, որ հայտարարվող հեղաշրջումը չէր իրականանալու. դա նաև Սեֆիլյանը գիտեր։ Առավելագույն արդյունքը, որ ակնկալվում էր «Հարյուրամյակն առանց ռեժիմի» միջոցառումից, լայնամասշտաբ PR ակցիան էր այն օրը, երբ աշխարհի բոլոր տեսախցիկներն ուղղված են լինելու Հայաստանի վրա։ Սեֆիլյանը պարզապես փորձում էր իր շարժման կշիռը բարձրացնել՝ Ապրիլի 24-ի օրը անկարգություններ հրահրելով։
Գուցե ոմանք դա նորմալ են համարում, բայց Ցեղասպանության զոհերի հիշատակը քաղաքական կապիտալի վերածելու փորձը համարում եմ սրիկայություն ցանկացած գործչի կողմից, քանի ռեալ վնաս կհասցվեր ոչ միայն Ցեղասպանության ճանաչման գործին, այլև Հայաստանի միջազգային համբավին։
Չեմ կիսում այն տեսակետը, որ Սեֆիլյանը վտանգ էր իշխանությունների համար։ ԱԱԾ-ն նրանց վտանգավոր է ճանաչել բացառապես մեկ օրվա համար։ Հակված չեմ նաև հավատալ այն խոսակցություններին, որ Սեֆիլյանն ու իր համակիրներն օտարերկրյա գործակալներ են ու էլի ինչ-որ մահացու մեղքերի մեջ են մեղավոր, որպեսզի ԱԱԾ-ն շա՜տ լուրջ կերպով զբաղվի իրենցով ու ավելի երկար մեկուսացված պահի։ Ամսի 25-ին նրանց ազատ կարձակեն, ու հետո որքա՜ն ուզում են՝ թող «առանց ռեժիմներ» անեն, դրանից գլոբալ ոչինչ չի փոխվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1564706177128654&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել