Tert.am-ը գրում է.

Հայաստանը պետք է խնդիրներ չունենա Ռուսաստանի հետ՝ անվտանգությանը վերաբերող հարցերում, բայց, միաժամանակ, լայն տնտեսական հարաբերություններ ունենա Արևմուտքի հետ:

Tert.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքագետ Լևոն Շիրինյանը`շատ դրական  վերաբերմունք արտահայտելով   ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Միլսիհայտարարությանը, թե  որպես դեսպան՝ իր  առաջնահերթություններից  է բիզնեսի և առևտրային հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև:

«Մեկընդմիշտ պետք է հիշել, որ Ռուսաստանը «մեր պապան չէ», և եթե Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չունենա, կտուժենք ո´չ միայն մենք, այլև՝ Ռուսաստանն ինքը: Եվ ռուսներն այդ քաղաքականությունը շատ լավ հասկանում են»:

«Եթե մենք ԵՏՄ անդամ ենք ինչ-ինչ հանգամանքների բերումով, ռուսական համակարգի մաս ենք,  դա դեռ չի նշանակում, որ մեր արմատներից պետք է կտրվենք, իսկ մեր արմատները  մշակութային և քաղաքակրթական իմաստով Արևմուտքում են: Մենք արևմտյան քաղաքակրթություն ստեղծած  ժողովուրդներից մեկն ենք, երակներից մեկն ենք, և բնական է, որ պետք է համագործակցենք»,-հայտարարեց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը հնացած, ավելին` տգիտության վերջին դրսևորում է  համարում  կողմնորոշումների քաղաքականությունը՝ ռուսական, թուրքական , ամերիկյան և այլն:
Նա հավելեց, որ Հայաստանը պետք է անպայման աջակցություն ստանա  Արևմուտքից, և կարծիք հայտնեց, որ ամերիկյան կառավարության այս առաջարկները գալիս են ԱՄՆ-ի`Թուրքիային հավասարակշռելու քաղաքականությունից,  որպես դրա բաղադրիչ մաս:

«ԱՄՆ-ը, անկախ նրանից՝  ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ, զսպում է Թուրքիային Հայաստանի հետ իր կատաղության նոպաների, նացիոնալիզմի ու ֆաշիզմի մեջ` նաև տնտեսական աջակցության այս առաջարկով»,-նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ  դեսպան Միլսը հայտարարել էր, որ  եթե հայկական ու ամերիկյան բիզնեսները միմյանց մասին իմանան ավելին, հնարավոր կլինի խորացնել երկկողմ կապերը, տնտեսական հնարավորությունները, և որ տնտեսական հարաբերությունների ընդլայնումը հնարավորություն կտա ավելի շատ աշխատատեղեր ստեղծել երկու երկրներում:

Լևոն Շիրինյանը  կարծում է, որ սա արվում է նաև ԱՄՆ-ում հայկական համայնքի ու լոբբի ջանքերով:

Որպես ամփոփում՝ նա նշեց, որ նման առաջարկը պետք է գործածել  «խելքով», ոչ թե ելնելով ինչ-որ կորպորատիվ շահերից, այն է`«օլիգարխ հարստացնելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել