Մամուլում ինձ և իմ կուսակցությանը վերաբերող երկու թեմաներ են շրջանառվում, որոնք առաջ քաշելով՝ որոշակի շրջանակներ փորձում են ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծել:
Առաջինը, իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հետ կապված իբր ես դժգոհ եմ կուսակցության և նրա առաջնորդի դիրքորոշումից: Երկրորդը, իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներսում թևերի է բաժանված:
Առաջինի հետ կապված ասեմ, որ ես միանշանակ շնորհակալ եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին և կուսակցությանը նրանց ունեցած դիրքորոշման համար: Առաջին օրվանից ճիշտ գնահատական է տրվել այս ամենին, որ իմ դեմ գործը քաղաքական հետապնդում է, որն ուղղված է ոչ միայն իմ անձի, այլ նաև կուսակցության դեմ:
Կուսակցության առաջնորդը և իմ մյուս կուսակիցները իրենց ամբողջական աջակցությունը ցուցաբերել են կուսակցության հայտարարությամբ, ինչպես նաև խորհրդարանում իրենց ելույթներով ու տարբեր քաղաքական հայտարություններով: Ես հատկապես շնորհակալ եմ իմ գործընկերներին ինձ լրացուցիչ անձեռնմխելիություն տալու նպատակով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրենց մանդատը զիջելու պատրաստակամության համար:
Ինչ վերաբերում է «կուսակցության ներսում թևերին», ապա չի կարելի կուսակցության ներսում կառուցողական և այլընտրանքային մոտեցումները շփոթել երկպառակությունների և թևերի հետ: «Բարգավաճ Հայաստանի» առավելությունն այն է, որ այնտեղ հանդուրժողականություն կա տարբեր մոտեցումների և առաջարկների նկատմամբ:
Կուսակցության քաղաքական թիմը կուռ և միասնական է՝ գիտակցելով, որ ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի իրենից և որ մեր նորագույն պատմության ճակատագրական այս փուլում մեծագույն պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի առաջ: Առավել ևս, որ կուսակցությունում բոլորը գիտակցում են, որ մտնում ենք քաղաքական պայքարի կարևորագույն մի փուլ, որտեղ կարելի է մրցակցել և հաղթել միմիայն միասնականությամբ և վճռականությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/VartanOskanian/posts/503042343040294
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել