Yerkir.am-ը գրում է.
2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»): Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հայաստանին են միացել և բանաձևը համահեղինակել 64 պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ: Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը և լուրջ խոչընդոտ է հանդիսանում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների համգործակցության համար և ընդգծում է անպատժելիության դեմ պայքարը՝ որպես կանխարգելման կարևոր գործիք: Հայաստանի նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին: Բանաձևում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարևորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ամրապնդել համագործակցությունը գործող մեխանիզմների շրջանակներում, ցեղասպանությունների վերաճելու հավանականություն ունեցող մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերական խախտումները կանխելու նպատակով: Փաստաթուղթն ընդգծում է կրթության կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում և կոչ է անում անդամ երկրների կառավարություններին համապատասխան կրթական ծրագրերի միջոցով նպաստել ցեղասպանությունների իրազեկմանը և դրանց միջոցով կանխարգելմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



