Ի՞նչ անվանում ունի այն շարժումը կամ նախաձեռնությունը, որը զբաղված է արմատական տրամադրություններ առաջացնելով, հանդես է գալիս հասարակության մեջ անջրպետ առաջացնող հռետորաբանությամբ՝ դիտարկելով վերջինիս «մենքի» ու «նրանքի» տիրույթում: Ու այս ամենն արվում է՝ ապրիլի 24-ը շահարկելով:
«Մենք» և «Նրանք» խմբերից յուրաքանչյուրն իր սոցիալական արժեքները, պատկերացումները, հավատալիքները և այլն, համարում են բացարձակապես ճշմարիտ: Այդ իսկ պատճառով կենսակերպը, արժեքները, պատկերացումները, նույնիսկ արտաքին տեսքն ընկալելի դառնում է համեմատության մեջ՝ «նրանք» «մեր» համեմատ ինչպիսի՞ն են հարցի համատեքստում: Մոտավորապես գործում է այսպիսի սխեմա՝ «Քանի որ «նրանք» տարբերվում են, քանի որ «նրանք» այնպիսին չեն, ինչպիսին «մենք», ապա «նրանք» «ճիշտ չեն», վատն են, քանի որ ճիշտը և լավը «մենք» ենք:
«Մենքի» և «նրանքի» տարբերակումը փորձ է արվում ներկայացնել «անհնազանդություն», «հակառակորդ» եզրերով: Սա ակնհայտորեն հասարակության մեջ սեպ խրելու միտված գործողություններ են:
«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը, որը քույր նախաձեռնությունն է «Սարդարապատ շարժման», «Նախախորհրդարանի», «Հիմնադիր խորհրդարանի», ակնհայտորեն քաղաքական «ֆիգուր» դառնալու հայտ է ներկայացնում՝ այդ նպատակը քողարկելով «ազատագրական պայքար», «համաժողովրդական շարժում», «համատարած անհնազանդություն», «վիրահատական քայլեր» և այլ նմանատիպ կոչերի ներքո:
Եթե «ռեժիմ փոխող» նախաձեռնությունը հայտարարում է, որ իրենց քայլերի, մեջբերում եմ, «նպատակն է պայմաններ ու նախադրյալներ ստեղծել մեր երկրի արտաքին ու ներքին լրջագույն պրոբլեմները լուծելու, առաջին հերթին՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով պետական կառավարման ժողովրդավարական ու յուրային համակարգ ձևավորելու համար», ապա ի՞նչ են նշանակում «վիրահատական քայլեր», «անհնազանդություն» և նմանատիպ կոչերը:
Այսինքն` գործ ունենք ապակողմնորոշող երևույթի հետ, որի հայտարարություններն իրենց բովանդակությամբ անտրամաբանական, հակասական ու ապակառուցողական են, իսկ ձևով՝ արմատական: