pashinyan shaboyanGalaTV.am-ը գրում է.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այս տարվա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ-ում ելույթ ունենալով՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով Արտակ Շաբոյանին, նշեց. «Դուք երեկ հարցուպատասխանի ժամանակ, երբ որ ես ասեցի՝ Երեւան Սիթիում շաքարավազի գինը 395 դրամ է, դուք միանգամից հակադարձեցիք, թե Երեւան Սիթիում հենց այսօր շաքարավազը վաճառվում է երեք հարյուր վաթսունհինգ դրամով: Պարոն Շաբոյան, լավ ա չասացիք՝ Երեւան Սիթի ամենացածր գները տարածաշրջանում, գումարած երեք հատ անվճար լավաշ, հարգելի քաղաքացիներ, չմոռանաք ձեր անձնագրերը բերել: Բայց, անկեղծ ասած, եթե այսպես ասեիք, ավելի անկեղծ կլինեիք հասարակության առաջ, որովհետեւ ձեր գործառույթը ոչ թե տնտեսական մրցակցությունը դե ֆակտո, այլ Սերժ Սարգսյանի սահմանած մոնոպոլիաները եւ քվոտաները պաշտպանելն է»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ որեւէ այլ գործառույթ չի իրականացնում Շաբոյանը:

«Հիմա վերադառնանք շաքարավազի գներին եւ տեսնենք, թե ինչպես է Արտակ Շաբոյանը մոլորության մեջ գցում հանրությանը: Հայաստանում շաքարավազի մոնոպոլիան, Երեւան Սիթի խանութների ցանցը պատկանում է մեկ մարդու` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նա շաքարավազի մանրածախ գին է սահմանել 369 դրամը, բայց այդ նույն գնով նա շաքարավազը վաճառում է ոչ միայն Երեւան Սիթիի սովորական այցելուներին, այլեւ մանր ու միջին խանութներին»,- հայտարարեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ 369 դրամը Ալեքսանյանի համար արդեն իսկ շահութաբեր է, բայց չի կարող շահութաբեր լինել նույն այդ փոքր խանութներին, եւ նրանք քանի որ դրա վաճառքից պետք է վճարեն ԱԱՀ, ապա անխուսափելիորեն գինը բարձրանում է՝ հասնելով չորս հարյուր դրամի:

«Ինչ է սա, եթե ոչ գերիշխող դիրքի չարաշահում, չարաշահումը պոզով-պոչով է լինում, այդ ոնց պատահեց, որ Երեւան Սիթիում ու Քարֆուրում շաքարավազը ճիշտ ու ճիշտ նույն գնով է վաճառվում»,- ասաց Փաշինյանը: Նրա գնահատմամբ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Քարֆուրը Հայաստան գալիս էր, հետո չէր գալիս, հետո էլի գալիս էր ու նորից չէր գալիս, իսկ գալուց առաջ իշխանությունները՝ Ս.Սարգսյանն ու Սամվել Ալեքսանյանը պայմանավորվել են, որ ախպերական գնով շաքարավազ կտան Քարֆուրին»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը: Այս ամենն, ըստ նրա, առավել քան ակնհայտ է, ուղղակի Արտակ Շաբոյանն անգամ համարձակություն չունի դրա մասին մտածել, որովհետեւ նույն պահին կզրկվի պաշտոնից: Ըստ Ն.Փաշինյանի՝ չնայած ՀՀ կառավարությունն ամեն տարի հայտարարում է, որ հակամրցակցային դրսեւորումների դեմ կպայքարի եւ թույլ չի տա, որ խոշոր խանութները կուլ տան փոքրերին, բայց իրականում տեղի է ունենում հակառակը: «Սա է ձեր գործունեության արդյունքը, եւ փոխարենը ընդունեք, այստեղ լկտիության որակումներ եք տալիս պատգամավորներին: Գուցե ձեր ելույթից հետո որոշ գործարարներ ձեզ պարգեւավճար տան, ես ուրախ եմ ձեզ համար, ես ձեզ հետ բանավեճ չունեմ, դուք շատ փոքր ֆիգուր եք, իմ բանավեճը ձեր քաղաքական ծնողների հետ է, այնպես որ ոտի տակ մի ընկեք»,- դիմելով Շաբոյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով բանանի մենաշնորհին՝ նա նշեց, որ այն պատկանում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին, ով Ս.Սարգսյանի դաբրոյով ձեռքը դրել է բանանի վրա եւ ասում է՝ այս սարն իմն է, այս ծառն իմն է: «Իսկ Պողոսյանը ԴԱՀԿ աշխատակիցներին տանում շարում է Ծիծեռնակաբերդում, ասում է՝ հայրենասեր ենք: Էդքան հայրենասեր եք, թողեք մարդիկ Հայաստանում մնան, ոչ թե թալանեք, մարդիկ ստեղից փախնեն: Թե՞ դուք սիրում եք միայն այն հայրենասերներին, ովքեր վերածվել են տապանաքարի, հուշաքարի կամ ծայրահեղ դեպքում պուլպուլակի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել