«Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում ամեն երեկո հեռուստադիտողները հնարավորություն ունեն դիտելու «Երեկոյան Երևանը», որի հաղորդավարներից Արտակ Վարդսանյանի և Մհեր Խաչատրյանի հետ խոսել ենք նոր ձևաչափի, եթերային կիքսերի և այլ հարցերի մասին։

Արտակը նշեց, որ փոքր տարիքում է աշխատել ուղիղ եթերում ու չի գիտակցել հարցի լրջությունը։ «Փորձը ցույց է տալիս, որ ինչքան մեծանում ես, այնքան ավելի ծանրակշիռ ես մոտենում «ուղիղ եթեր» ասվածին,- BlogNews.am-ին ասաց նա ու հավելեց, որ դա շատ ավելի հետաքրքիր է,- դա ուղիղ մտածողության պես մի բան է. ինչ-որ բան ասացիր, վերջ, այլևս ուղղելու հնարավորություն չկա»։
Ըստ Արտակի՝ բարդությունն անկանխատեսելիությունն է, օրինակ, նա հիշեց, որ երբ հյուրընկալել էին Նիկոլայ Ծատուրյանին, նրան շնորհակալություն հայտնելուց հետո պտտվել են, որ խոշոր պլանով խոսեն, և Նիկոլայ Ծատուրյանը դուրս է եկել տաղավարից՝ կարծելով, թե եթերն ավարտվել է։

Արտակը խոստովանում է, որ սովոր է միայնակ աշխատել եթերում։ «Եթերում ես «միայնակ գայլ» եմ։ Մեզանից յուրաքանչյուրը վառ անհատականություն է, երբեմն մենք իրար չենք լսում, ընդհատում ենք։ Շատերը դա համարում են առավելություն, շատերը՝ թերություն։ Ժամանակը մեզ չի բավականացնում»,- ասաց նա ու նկատեց, որ նույնիսկ հեռուստատեսային դուետ կազմելու համար ժամանակ է պետք, իսկ այս դեպքում իրենք երեքով են եթերում։
Չնայած Արտակը մտերիմ է Դիանա Մալենկոյի հետ, այս ընթացքում մտերմացել են նաև Էմմայի հետ, սակայն նշեց, որ իր համար գործը մնում է գործ։ Ըստ Արտակի՝ գործի մեջ ինքն ընկերներ չունի, քանի որ շատ պրոֆեսիոնալ է մոտենում այդ հարցին։ Ամեն դեպքում նա ասաց, որ կարող են 3 շատ աշխույժ երիտասարդ լինել եթերում, և արտառոց ոչ մի բան եթերում չլինի։ «Երբեմն Մալենկոն և էմման ինչ-որ բանից ծիծաղում են, իսկ նրանք շատ վարակիչ ծիծաղ ունեն։)»։ Հաղորդավարը հայտնեց, որ նայում է եթերները, դեռ իրեն չի հավանում։

Արտակի համար մինչ այս ամենատպավորիչ եթերը եղել է Մալենկոյի և թութակի հանդիպումը տաղավարում։ Անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին, որ չպետք է հյուրին տաղավար կանչեր, նա ասաց. «Ես գիտեի, որ նա վախենում է, բայց ես նաև գիտեմ, որ նա եկել է եթերի։ Ես չգիտեի, որ նա այն աստիճանի է վախենում, որ պետք է դուրս գա տաղավարից։ Երբ ինքը սկսեց գոռալ, ինձ թվաց՝ շոու է։ Եթե ես իմանայի՝ հարցն այնքան լուրջ է, որ նա պետք է հետո արտասվեր, բնականաբար չէին կանչի։ Ինձ թվաց՝ կբղավի, թութակը կգա տաղավար, ինքը հանգիստ կնստի։ Ես հո սադի՞ստ չեմ, որ տեսնեմ՝ մարդն ինֆարկտահար է լինում և հատուկ հրավիրեմ հյուրին՝ թութակի հետ»։
«Երեկոյան Երևանի» մյուս հաղորդավարի՝ Մհեր Խաչատրյանի համար ևս այս ձևաչափը նոր էր։ Նա ասաց, որ ուղիղ եթեր մտնելը բարդ է, որովհետև պատասախանատվություն է։ «Չես կարող ինչ-որ բան ձայնագրել, մոնտաժել։ Ամենամեծ բարդությունը տեմպը պահելն է հյուրերի հետ. պետք է փորձես այնպես պահել տեմպը, որպեսզի հետաքրքիր լինի, մոնտաժի հնարավորություն չկա և չպետք է ձանձրացնես։ Միևնույն ժամանակ՝ հարմարավետ է, ադրենալինը շատ է»,- ասաց նա։

Ըստ նրա՝ երեք հաղորդավարով ներկայանալը բարդ չէ, քանի որ այս ընթացքում շփվել են, հասկացել իրար։ Բացթողում, որպես այդպիսին, Մհերը չհիշեց, միայն ասաց, որ եղել են հյուրեր, որոնց հետ կցանկանար ավելի երկար խոսել, սակայն եթերաժամանակը թույլ չի տվել։
«Ամենատպավորիչ եթերը Գյումրու թատրոնի երիտասարդ սերնդի հետ հարցազրույցն էր, որովհետև շատ մարդկային բան կար նրանց արածի մեջ։ Այդ պայմաններում մարդիկ ամեն օր աշխատում են, փորձում են լավ, մարդկային, վեհ գաղափարներ բարձրացնել և իրենց աշխատանքով ցույց տալ դա։ Կարծում եմ՝ այսօր դա շատ կարևոր է»,- նշեց հաղորդավարը։
Մհերի խոսքով՝ երբեմն դիտում է «Երեկոյան Երևանի» թողարկումներն ու տեսնում, թե ինչը կարելի է շտկել։ «Շատ բաներ կան, որոն ցանկանում եմ շտկել, բայց դա ժամանակ ու աշխատանք է պահանջում»,- նկատեց նա ու ավելացրեց, որ կցանկանար ավելի շատ ժպտալ։

Ամալյա Հովհաննիսյան



