Exclusive

BlogNews.am-ին հայտնի է դարձել, որ ամռանը նշանված հաղորդավարուհի Մարինա Գրեգը նշանը հետ է տվել։ Մեզ հետ զրույցում հաղորդավարուհին հայտնեց, որ 7 տարի ընկերություն անելուց հետո ինքն ու Արթուր Հարությունյանը նշանվածի կարգավիճակում մնացել են 2 ամիս։

«Էնպես չի եղել, որ ես եմ նշանս հետ տվել կամ նշանածս է դա արել, ուղղակի եկավ մի պահ, երբ հասկացանք, որ ավելի լավ է բաժանվենք ու այսպես ասած՝ հեռվից սիրենք իրար»,- ասաց Մարինան ու հավելեց, որ իրար չէին հասկանում։ Նրա փոխանցմամբ՝ ինքն ու Արթուրն այժմ շատ լավ ընկերներ են, քանի որ իրենց պատմության հիմքում վաղեմի ընկերությունն էր ընկած և չէին կարող թշնամանալ։ «Շատ ջերմ հարաբերություններ ունենք թե՛ իրար, թե՛ մեկս մյուսի ծնողների հանդեպ»,- ասաց նա ու հավելեց, որ մինչ օրս կապի մեջ է նրանց հետ։

Հարցի՞ն՝ ինչն էր պատճառը որ այդքան տարի ընկերություն անելուց հետո նշանվածի կարգավիճակում այդքան կարճ մնացին, Մարինան պատասխանեց. «Կարծում եմ՝ մեր բնավորությունների տարբերությունն այդ ընթացքում ավելի ցայտուն դարձավ։ Գուցե իմ աշխատանքի ոլորտն էլ ունեցավ իր ազդեցությունը։ Դա հիմա եմ ասում, երբ վերլուծում եմ ամեն բան։ Լուրջ պատճառ չի եղել, որի համար վիճել ենք, ուղղակի հասկացանք, որ եթե մի քիչ էլ շարունակվի, գուցե, այլևս չսիրենք իրար։ Մենք հասուն մարդիկ ենք և որքան էլ դժվար էր՝ եկանք այն եզրակացության, որ ավելի լավ է սիրելով թողնենք իրար, ունենանք լավ հիշողություններ ու ջերմ վերաբերմունք, և արեցինք դա։ Շատ ուրախ եմ, որ մենք շատ լավ հարաբերություններ ենք պահպանել. չեմ սիրում այն զույգերին, ովքեր բաժանվելուց հետո իրար բարև չեն տալիս»։

Մարինան նշեց, որ բաժանումը սթրեսային էր այնքանով, որ այդ մարդն իր կյանքում եղել է 7-8 տարի։ «Այսինքն՝ ինչ ոտք եմ դրել իսկական կյանք, իմ կյանքում միայն նա է եղել։ Մենք շատ կապված էինք, թեկուզ՝ որպես ընկերներ։ Որքան էլ հիմա ընկերություն ենք անում, բնականաբար չենք կարող լինել այնպես, ինչպես նախկինում։ Մենք 6 տարի ընկերներ ենք եղել, միևնույն ժամանակ, չենք էլ տարանջատել՝ միասի՞ն ենք, թե՞ ուղղակի ընկերներ, մեր պատմությունն այդ առումով մի քիչ աննորմալ է։ Ամեն դեպքում, ես արդեն 20 տարեկան չեմ, որ այդ ամենին ավելի էմոցիոնալ նայեմ։ Հիմա ավելի սառն եմ դատում և հասկանում, որ գուցե սա էր ճիշտը»,- ասաց նա ու հավելեց, որ չգիտի, թե հետո ինչ կլինի, քանի որ շատ մարդիկ բաժանվում են, հետո էլի միասին լինում։

Հաղորդավարուհու խոսքով՝ այժմ ընտրյալ չունի, քանի որ տարված է աշխատանքով. «Այս պահին դա ամենալավ բանն էր, որ կարող էր լինել, որովհետև անձնական կյանքումս այդքան բուռն դեպքերից հետո աշխատանքն ինձ շատ է օգնում»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք աշխատանքը խանգարում է իր անձնական կյանքին՝ Մարինան պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ ինձ հետ երբեք այնպես չի լինի, որ ես կանգնեմ ընտրության առջև՝ աշխատա՞նք, թե՞ անձնական։ Իրականում ես չեմ կանգնել այդ ընտրության առջև, ուղղակի հիմա հասկանում եմ, որ հայ իրականության մեջ կան մասնագիտություններ, որոնք մեր տղաներն այդքան էլ չեն ընդունում։ Որքան էլ նրանք կայացած լինեն, իրենց համար խորթ ու անընդունելի է, որ իրենց կողակիցը հանրային մարդ է և միշտ ուշադրության կենտրոնում։ Ով էլ ասում է, որ ընդունում է, միևնույն է, կա ինչ-որ բան, որը չի ընդունում»։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել