Վրացիները սիրում են խինկալի ուտել և պատվիրում են մեծ ափսեներով, ոչ պակաս, քան 50 կամ 100 հատ: Մի անգամ օտարերկրացի մի զբոսաշրջիկ, հմայված վրացական խինկալանոցի էկզոտիկայով, պատվիրում է 3 հատ խինկալի, ինչին խինկալու գլխարկով մատուցողը վիրավորված պատասխանում է. «Վա, տո, գնա մեկի մոտ կանգնի, կեր քո 3 հատ խինկալին, ի՞նչ ես ոտի տակ ընկնում»:
Նման զգացողություն ես ապրում՝ ծանոթանալով Հայ ազգային կոնգրեսի 2014թ. գործունեության ֆինանսական հաշվետվությանը. շուրջ 5 մլն. դրամ կազմող միջոցներից ՀԱԿ-ը կոմունալ վարձերի համար վճարել է մոտ 2 մլն. դրամ, 2 մլն. 700 հազար էլ՝ Եվրոպայի լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության անդամավճարի ու այլ ծախսերի համար:
Տակը մնացած մի քանի քոռ կոպեկներից էլ 40 հազար դրամը ՀԱԿ-ը հատկացրել է տրանսպորտային ծախսերին, որն օրական կազմում է ոչ ավել, ոչ պակաս 109 դրամ: Ահա և պարզ է դառնում, թե ինչու էր գաղափարական և ընդդիմադիր ՀԱԿ-ը կանգնել ԲՀԿ-ի մեծ, շատ մեծ կերակրամանի կողքին: Իսկ հիմա ում կողքը կանգնի ՀԱԿ-ը, որ ստանա իր բաղձալի 3 հատ խինկալին:
Հ.Գ. «Աշխարհը բաղկացած է անբաններից, որոնք ուզում են փող ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, որոնք պատրաստ են առանց հարստանալու աշխատել». Բեռնարդ Շոու:



