Ժիրինովսկին ադրբեջանական կայքին տված հարցազրույցում հայտարարել է. «Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Մոսկվայի ենթակայության տակ անցնի»: Սա անհեթեթ հայտարարություն է: Լեռնային Ղարաբաղը կա՛մ լինելու է անկախ պետություն, կա՛մ միանալու է մայր Հայաստանին, այլ ճանապարհով, վստահ եմ, արցախցին երբեք չի քայլի: Ադրբեջանցիներին դուր գալու համար արված Ժիրինովսկու հայտարարությունը, կարծում եմ, չեն կիսում նաև Կրեմլում, և բոլորը պետք է գիտակցեն, որ, եթե հայ ժողովուրդը շատ հարցերում կարող է լինել հանդուրժող կամ զիջող, ապա Արցախի հարցն այն եզակի հարցերից է, որ միավորում է ողջ հայ ժողովրդին՝ անկախ իրենց քաղաքական և աշխարհաքաղաքական հայացքներց: Ընդունված է կարծել, որ Ժիրինովսկին պաշտոնական Կրեմլի այլընտրանքային խոսափողն է, բայց, կարծում եմ, նրա նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս, որ նա ընդամենը անհավասարակշիռ և պահի ազդեցության տակ ելույթներ ունեցող գործիչ է, քանզի Ռուսաստանը Մինսկի համանախագահ պետություն է և քաջ գիտակցում է, թե որն է այն սահմանը, որից այն կողմ Հայաստանը երբեք չի գնա զիջումների: Շատ կարևոր է, որ մենք՝ որպես հասարակություն, սթափ գնահատենք իրավիճակը և մեկ արկածախնդիր գործչի հայտարարություններով չկառուցենք մեր հարաբերություններն ու վերաբերմունքը մեր բարեկամ ռուս ժողովրդի և դաշնակից Ռուսաստանի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել