
Այսօր համացանցում լուրեր են տարածվել, թե «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում նկարահանվող դերասան Գուժ Մանուկյանն ասել է, որ ամեն մի անորակություն վաղ թե ուշ պետք է վերջ ունենա, և հենց դա է պատճառը, որ նա ինքնակամ հրաժարվել է նկարահանվել սերիալում, իսկ Դիանա Գրիգորյանը պատասխանել է, թե «մնում էր՝ նախնադարյան մարդիկ ինձ կյանք սովորեցնեին»։ Խոսակցությունների իսկությունը պարզելու համար BlogNews.am-ը խոսեց և՛ Դիանա Գրիգորյանի, և՛ Գուժ Մանուկյանի հետ։
«Ես ու Դիանա Գրիգորյանը կոնֆլիկտ չենք ունեցել։ Մենք իրար շատ ենք սիրում, երբ հանդիպում ենք, համբուրվելով ենք բաժանվում։ Նմանատիպ խոսակցություններ տարածելու պատճառը հայի բնավորությունն է։ Հայերը սիրում են նման բաներ հնարել, մարդու անունը գցել։ Գուցե հանդիսատեսը ցավում է, որ հերոսս մահացել է, և ես այլևս չեմ նկարահանվում, բայց այդ խոսակցությունները ճիշտ չեն»,- ասաց Գուժ Մանուկյանը։
Դիանան էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սա արդեն ծիծաղելի չէ։ «Արդեն չեմ հասկանում, թե ինչպես են նման խոսակցություններ տարածում։ Ուղղակի կերպարը մահացել է։ Քանի որ սերիալը մոտենում է իր ավարտին, սյուժեն առավել ակցենտավորելու համար որոշվեց կենտրոնական կերպարի այդօրինակ ելքը։ Սակայն մենք շատ լավ հարաբերություններ ունենք, հաճախ զանգահարում եմ նրան ու հարցնում որպիսությունը։ Ինչպե՞ս կարող են ասել, թե ասել եմ, թե «մնում էր՝ նախնադարյան մարդիկ ինձ կյանք սովորեցնեին», եթե ավագ սերունդը մեզ կյանք չսովորեցնի, բա էլ ուրիշ ո՞վ պետք է սովորեցնի։ Միայն անդաստիարակ մարդը կարող է իրեն նման արտահայտություն թույլ տալ»,- շեշտեց սցենարիստն ու հավելեց, որ միշտ հարգանքով է վերաբերում մեծերին` մասնավորապես՝ Գուժ Ալեքսանդրիչին։ Նա ևս նշեց, որ շատ լավ հարաբերություններ ունեն և համբուրվելով են հանդիպում ու բաժանվում։
Ամալյա Հովհաննիսյան