Ողջույն բոլորին !
Սկսում եմ հերթական բլոգային շաբաթվա ամփոփումն ու առանձնացնում շաբաթվա ընթացքում առավել աչքի ընկած երևույթներն ու մարդկանց:
Շաբաթը բացեցին Եվրատեսիլի հայ ֆաները, ովքեր նամակով դիմել էին Հ1-ին և փորձել էին համոզել, որ հետ չվերցնի Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության դիմումի հայտը, ինչպես նաև թույլ տա «Դորիանս» խմբին մեկնել Ադրբեջան: Չնայած այս նամակն ի զորու չեղավ ընդմիջել հանրայինի խուլ լռությունը, բայց իր բուռն արձագանքը գտավ համացանցում:
Շաբաթվա վերջում էլ պարզ դարձավ, որ այս ողջ ընթացքում Եվրատեսիլին դեմ արտահայտվող երգիչների և նրանց երկրպագուների՝ Եվրատեսիլին չմեկնելու հիմնական փաստարկը՝ ադրբեջանցի զինվորի կողմից Տավուշի մարզում սպանված հայ զինծառայողի մասին լուրը ստահոդ էր. զինվորը մահացել էր, ոչ թե արդրբեջանցու, այլ հայի գնդակից: Սա իհարկե բավական թուլացրեց վերջիններիս դիրքերը համացանցային բանավեճերում և Եվրատեսիլի ֆաների մոտ մրցույթին մասնակցելու հույս արթնացրեց:
Շաբաթվա ընթացքում համացանցի ուշադրության հիմնական թիրախը դարձավ «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում կառուցվելիք «Նոյյան Տապան» համալիրը, որը ինչպես պարզ դարձավ, ոչ թե հասարակ թանգարան էր, ինչը համաձայնեք ինքնին բավական անհետաքրքիր երևույթ է, այլ բառիս բուն իմաստով ՕԲԵԿՏ՝ նախատեսված սփյուռքահայ մեծահարուստների «քյաբաբ փառթիների» համար: Այս նորույթը Երևանի արտաքին տեսքի համար գլուխ ջարդող ակտիվիստների աչքից բնականաբար վրիպել չէր կարող: Էլ գող փիսո, էլ քաչալ շուն… Ինչ բառեր ասես որ չտեղացին քաղաքապետի հասցեին: Մի բան ակնհայտ է՝ վերջին մի քանի շաբաթները Տարոն Մարգարյանի կյանքում հաստատ լավագույններից չէին:
Փետրվարի 26-28-ին լրացավ Խոջալուի դեպքերի 18-րդ տարելիցը: Ադրբեջանական կայքերը և հեռուստատեսությունը մեկը մյուսի հետևից սկսեցին Խոջալուի դեպքերի մասին պատմող պատմություններ և ֆոտոռեպորտաժներ հրապարակել: Դրան հաջորդեցին թուրքերի ու ադրբեջանցիների տասնյակ հազարանոց ցույցերն ու բարձրացված վայնասունը: Ինչպես ամեն տարի այս օրը, այս տարի էլ զերծ չմնացինք ադրբեջանաթրքական հաքերային հարձակումնեից, որոնցից մեկի պատճառով էլ մի քանի ժամով արգելափակվեց նաև BlogNews.am-ը:
Վերջին շաբաթների ընթացքում հայկական համացանցը մեծ ուշադրությամբ հետևում է ռուսաստանյան ներքաղաքական զարգացումներին: ՌԴ-ում նախագահական ընտրությունների քարոզարշավն այս անգամ բավական հետաքրքիր ստացվեց: Համացանցը հատկապես գնահատեց մի շարք ծաղրական տեսահոլովակներ, որոնք նվիրված էին սկզբում Վալդիմիր Պուտինին ապա նաև նախագահ Մեդվեդևին և Պրոխորովին:
Ռուսաստանից մեր հաջորդ հերոսը Վլադիմիր Ժիրինովսկին էր, ով բոլորին ցնցեց Ալլա Պուգաչովային ուղղած իր 18+ ֆորմատի ելույթով:
Սակայն համացանցի բարձր տրամադրությունը երկար չշարունակվեց: Այն փչացնելու եկավ մեր քույր երկիրը՝ Ֆրանսիան՝ Սահմանադրական դատարանի ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը մերժելու տեսքով: Թե ինչո՞ւ ֆրանսիական ՍԴ-ն այսպես վարվեց, պատասխանը հետևյալն էր՝ այն հակասում է խոսքի ազատության իրավունքին: Ֆրանսիային մերսի ասողները սկսեցին հիմա էլ անպատվել ֆրանսիացիներին Նապոլեոնից սկսաց Սարկոզիով վերջացրած: Հետաքրքիր է այն երեխայի՞ն էլ անվանափոխեցին ում անունը միամտաբար Սարկոզի էին դրել:
Հաջորդ վատ նորությունը սպորտային էր, երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Սերբիայի հետ ընկերական հանդիպմանը պարտվեց 0:2 հաշվով: Չնայած մերոնք չխաղացին իրենց մարտական կազմով, այնուամենայնիվ, շատ երկրպագուներ Հայաստանից հաղթանակ էին ակնկալում: Չանցած մեկ օր՝ տղաներն իրենց սխալն ուղղեցին. Հայաստան-Կանադա՝ 3:1:
Համացանցի բարձր տրամադրության հաջորդ գրավականը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գարեջրի անակնկալ ցնցուղ ընդունելն էր, երբ մատուցողը նրա սեղանին մատուցելիս պատահմամբ գարեջրով լի բաժակները թափեց նրա վրա: Մերկելը մի պահ ցնցվեց, սակայն անմիջապես հավաքեց իրեն և անգամ կենաց խմեց գործընկերների հետ:
Իսկ ի՞նչ պակասն են մեր քաղաքական գործիչները Գերմանացիներից: Չէ՞ որ նրանք էլ ուրախացնել գիտեն: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում չգիտես ինչու անընդհատ օլիգարխ պիտակն ենք կպցնում, կնոջ կողմից հովանավորված քթի օպերացիայից հետո հայտարարեց, որ արդեն լավ օդ է քաշում ուղեղը և նոր լավ-լավ մտքեր են գալիս: Ալեքսանյանի լավ-լավ մտքերի շարքից էր Պրոսպեկտի շուկայի տրանսոֆորմացիան «Երևան սիթիի»: Դրան գումարած նաև Փակ շուկայի տեսքի փոփոխությունները, որոնք շատ բլոգերներ որպես վանդալիզմ որակեցին:
Ճիշտ է, որոշել էի ամփոփումներումս էրոտկա չմտցնել, բայց դե ինչպես ասում են օրենքները խախտելու համար են: Համացանցին սեքսուալ շոկի ենթարկեց հակասեքսուալ անունով հայ մերկապարոհի Վարդանուշ Մարտիրոսյանը, ով ինչպես պարզվեց հանդիսանում է մերկապարի աշխարհի առաջնության հայ չեմպիոնուհին: Նա ներկայացեց ուկրաինացի սիրված երգիչ Վիտալի Կոզլովսկու հետ իր տեսահոլովակը, որը BlogNews-ում շաբաթվա ամենադիտված տեսահոլովակը դարձավ: Տեսնո՞ւմ եք ինչ լավ է, որ սկսում ենք ճանաչել մեր «մեծերին»:
Համացանցային հաջորդ շոկն ասպասելի սողոսկեց: Շոկ, այն էլ վարչապետից, ոչ ոք չէր սպասում: Չէ, Արգիշտի Կիվիրյանի այն գրառման մասին չեմ խոսելու, որտեղ առաջարկում էր վարչապետին հասարակությունից մեկուսացնել: Կխոսեմ Տիգրան Սարգսյանի հետևյալ հայտարարությունից. «Ես մշտական տաղավարների տեղադրմանը դեմ եմ, և ամեն ինչ կանեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն»: Լո՞ւրջ պրն Սարգսյան: Բա ինչո՞ւ էիք այսքան ժամանակ համառորեն լռում ու տանջում մեզ: Վարչապետի հոգեցունց տեքստին համացանցը շատ արագ արձագանքեց: Հատկապես առանձնացավ ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Հասմիկ Բուդաղյանը, ով հանդես եկավ գրառումով՝ Վարչապետը փչացրե՞ց Տարոն Մարգարյանին:
Մարտի 1: «Շատ բան կտայի, որ մարտի 1-ը միայն գարնան սկիզբ խորհրդանշեր: Շատ բան կտայի, որ ուսանողուհուս ամուսինը այդ անիծված օրը չզոհվեր` զրկելով իր մի քանի ամսական բալիկին հայր ունենալու երջանկությունից: Շատ բան կտայի, որ չտեսնեի տղամարդու արցունքները, ով վստահ էր, թե որդին ընկերոջ տանը ֆիլմ է նայում, բայց գտավ նրան դիահերձարանում... Շատ բան կտայի, որ մեր սրտում այս խորը սպին չգոյանար... Բայց այն ժամանակ ինձ ոչ ոք չհարցրեց, թե ինչ եմ պատրաստ տալ, որ այդ ողբերգությունը չլինի... Ինչևէ ... Թող տարվա բոլոր եղանակները խաղաղ լինեն մեզ` հայերիս համար ու երբեք չկրկնվի այն, ինչի միջով անցանք:
Բարի գարնանամուտ…» ,-այսպես անդրադարձավ Մարտի 1-ին բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:
Իսկ երեկոն խոստանում էր թեժ լինել: ՀԱԿ-ը արդեն մի քանի ամիս է ինչ խոստանում էր աննախադեպ հանրահավաք անել: Եվ արեց: Սակայն աննախադեպը քիչ մը կոպիտ էր ասված: Չխորանալով քանակական գնահատականների մեջ՝ մեջբերեմ Ժառանգության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի՝ ֆեսյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի ելույթին արված անդրադարձը.
1. « Դուք խեղդվելու եք մեր արյան մեջ » - Նորի՞ց արյուն, ո՞ւմ արյունը, Ինչո՞ւ և ինչի՞ համար արյուն....
2. « Ինչպես կանգնել, այնպես էլ կանգնելու եմ Ռոբիկի ու Սերժիկի ավտոմատավորների առաջ ու նրանք ընկրկելու են մեր դեմ »: - Նորի՞ց Չարենց, բայց նոր ֆարմուլիրովկայով: Բայց արտասանելուց հետո պետք է կանգնել, չէ՞ Հո պոեզիայի ժամ չէ՞, արտասանես, գնաս տուն: Թե՞ արտասանողները չեն կանգնում
Այսքանից հետո ոչ թե թե No Comment, այլ լիքը քոմենթ ու հարցեր....
Համացանցի ուշադրության հաջորդ թիրախը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր, ում մեղադրում էին ոչ ավել, ոչ պակաս… Ուշադրություն, աղջիկ կպցնելու մեջ: Աննա Սմբատյան անունով ֆեյսբուքյան մի օգտատեր, ում էջը չափազանց դժվար է իրական էջի հետ շփոթելը, իր գրառման մեջ նշում էր, որ Հրայր Թովմասյանն աշխատանքային ժամերին իրեն խոսեցնելու փորձեր է արել: Ինքն էլ՝ որպես օրինավոր քաղաքացի, չի պատասխանել, որպեսզի նախարարին չկտրի գործից: Լրագրողները անմիջապես շտապեցին վարչապետի մոտ եղելությունը պարզելու, կամ էլ դրա մասին խաբար տալու: Վարչապետը միանգամից լուրջ դեմքով հերքեց լուրը՝ նշելով, որ նման բաների չի հավատում: Այ էստեղ էլ չբերեց պրն Սարգսյանի բախտը. ժամեր անց Թովմասյանը խոստովանեց, որ իրոք գրել է այդ աղջկան, սակայն պարզապես ողջունելու նպատակով: Թե ինչ քննարկումներ եղան այս թեմայով, շատ չեմ մանրամասնի: Բայց հատկապես զավեշտալի էին նախարարության աշխատակիցների առաջ քաշած վարկածները, որոնցում շատ մանրամասն ներկայացվում էին այն դրույթները, որոնց համաձայն Թովմասյանը պարզապես չէր կարող այդ աղջկան նամակ ուղարկած լինել:
Համացանցի քննարկման հաջորդ թեման բավական զգաստացնող մականուն ուներ: Դա Գագիկ Ծառուկյանի սանիկն էր՝ Պալաչը, ով կասկածելի հանգամանքներում ՀՀՇ-ին, ըըըը ներեղություն, ՀՀԿ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել: Այս թեմայով բավական հետաքրքիր գրառմամբ հանդես եկավ լրագրող Պետրոս Ղազարյանը՝ Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատերի ոճի մեջ հարց ուղղելով համացանցին.
Հետաքրքիր է թե ինչո՞ւ է Պալաչը ցանկանում դառնալ ՀՀԿ անդամ
1. Ի հակակշիռ Օսկանյանի, որորշել է համալրել ՀՀԿ ինտելեկտուալ կազմը
2. Որոշել է իրենց քուչեն սարքել տարածաշրջանային Պալաչիզմի կենտրոն
3. Երազում տեսել է Նժդեհին
4. Կարդացել է Արմեն Աշոտյանի ստատուսները
Էլ ի՞նչ շաբաթ առանց ականավոր ու խոստումնալից քաղաքական գործիչ Մենուա Հարությունյանի արդեն ավանդույթ դարձած մոնոլոգների: Չէ, այս անգամ թիրախը բնապահպանները չէին: Մենուան իր ողջ մաղձն ու մուննաթն ուղղեց կոնգրեսականներին, ովքեր հանրահավաքի ժամանակ անամոթաբար համարձակվել էին կպնել իշխանություններին: Մենուան նախ ակնարկ-հիշեցում արեց ցուրտ ու մութ տարիներից, ապա սկսեց ավանդական օճառման պրոցեդուրան:
Ըստ իս շաբաթվա ամենազավեշտալի գրառումը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետևյալ գրառումն է՝
Օսկանյան, Արսենյան, Ղազարյան ...
Մարդ հավեսի է ընկնում, տո:
Չվերցնեմ ես էլ փորձեմ ՃՃՃ