Երեկ մի շարք քաղաքական ուժեր նախագահի հետ քննարկումներ են անցկացրել Սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ:
Ինչպես տեսանք, քննարկումներին չէր մասնակցում Հայ Ազգային Կոնգրեսը: Տարբեր կուսակցությունների մասնակցությունը քննարկումներին ակնհայտ դժգոհություն էր առաջացրել կոնգրեսականների մոտ, և այն արտահայտվում էր թե կուսակցության առանցքային անդամների արձագանքներով, և թե ՀԱԿ-ից ֆինանսավորվող հայտնի լրատվամիջոցների վերլուծություններով:
Մասնավորապես, Լևոն Զուրաբյանին բավականին մոտ կանգնած Չորրորդ Իշխանությունը, անդրադառնալով նախագահականում քննարկումներին մասնակցած ուժերին, ասել է, որ իրականում Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են դաշտի «մանր-մունր» կուսակցությունները:
Հարկ եմ համարում մեջբերել այն կառույցների անունները, ովքեր երեկ Բաղրամյան 26-ում անցկացրել են քննարկումներ. ԲՀԿ, ՕԵԿ, «Ազատ Դեմոկրատներ», «Ժառանգություն», «Հայոց Համազգային Շարժում»: Հիշեցնենք` մինչ այդ Սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ հանդիպումներ ու քննարկումներ էին ունեցել նաև Հայ Հեղափոխական Դաշնակցության մի շարք անդամներ:
Հանուն արդարության պետք է նշենք, որ ՀԱԿ-ի` սեփական թեթև տեղը ծանրացնելու փորձն անհաջող էր: Վերոնշյալ կառույցներից մեծ մասը ներկայացնում են խորհրդարանը: Եթե ՀԱԿ-ը վերջիններիս համարում է «մանր-մունր», ապա ո՞վ է ընդդիմության ծանրակշիռ ու մեծ կառույցը` Կոնգրե՞սը: Եթե չեմ սխալվում, ՀԱԿ-ն անգամ խորհրդարանում ունի ավելի քիչ ձայներ, քան իր ասած «մանր-մունր» կառույցներից շատերը:
Եվ վերջում չմոռանանք, որ նախագահի հետ հանդիպած ուժերը ոչ վաղ անցյալում հանդիսանում էին կոնգրեսականների քաղաքական գործընկերները, և որ ամենակարևորն է` Կոնգրեսն այդ «մանր-մունր» կառույցների հետ ունեցած բոլոր դաշինքները ներկայացնում էր որպես դաշտի ամենահզոր միություն: